Բողոքի ակցիա իրականացնող տաքսու վարորդներին ընդունել են «Ծառուկյան դաշինքի» պատգամավորները
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱյսօր՝ հուլիսի 6-ին ԱԺ շենքի մոտ բողոքի ակցիա իրականացնող տաքսու վարորդներին ԱԺ նիստի ընդմիջման ժամանակ ընդունել են «Ծառուկյան դաշինք»-ի պատգամավորները։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցի ժամանակ ասաց «Ավտովարորդների պաշտպանության լիգայի» նախագահ Տիգրան Հովհաննիսյանը։
Նրա խոսքով, իրենք 3 հոգուց բաղկացած խումբ են կազմել եւ «Ծառուկյան դաշինքի» պատգամավորների հետ քննարկել ժամեր առաջ ԱԺ շենքի մոտ բարձրացրած խնդիրը։ Պատգամավորները խոստացել են մանրամասն ուսումնասիրել խնդիրը եւ ԱԺ քննարկման ներկայացնել։ «Որոշել ենք մի քանի փուլով իրականացնել խնդրի լուծումը, առաջարկել ենք ժամանակավոր հավասար իրավունքներ հաստատել մեր եւ ապօրինի տաքսիների համար, թող նրանք շարունակեն գործել, մենք էլ չվճարենք մեր տուգանքները, մինչեւ լիցենզիաների մասին նոր օրենք մշակեն»,-ասաց Հովհաննիսյանը՝ հույս հայտնելով, որ այս նախնական պահանջները քննարկվելուց հետո կիրականացվեն։
Նա նշեց նաեւ, որ այսուհետ պատգամավորների հետ քննարկումներն ու կապը ամենօրյա կդառնան, հնարավոր է՝ նաեւ Գագիկ Ծառուկյանի հետ հանդիպեն։



