Գյումրիի «Լիանա» տոնավաճառի մուտքը փակած բետոնե պատնեշի հարցով կզբաղվեն իրավապահ մարմինները
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՈստիկանությունը հեռացրել է Գյումրու «Լիանա» տոնավաճառի մուտքը փակած բետոնե պատնեշը: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեց քաղաքապետարանի մամուլի խոսնակ Սոնա Առաքելյանը: Թե ու՞մ կողմից էր այդ պատնեշը տեղադրվել տոնավաճառի մուտքի մոտ, փակելով առևտրականների մուտքը, Սոնա Առաքելյանը դժվարացավ պատասխանել՝ փաստելով, որ այդ հարցով կզբաղվեն իրավապահ մարմինները: Այդ հատվածն ինչ-որ մեկի սեփականությունը չէ, այն պատկանում է համայնքին:
Հուլիսի 4-ի առավոտյան «Լիանա» տոնավաճառի առևտրականները պարզել են, որ մուտքերից մեկի մոտ բետոնե պատնեշ է շարված, իսկ ճանապարհը փակ է, ինչից հետո բոլոր առևտրականները շարժվել են դեպի Գյումրու կենտրոնական Վարդանանց հրապարակը՝ փակելով հրապարակ տանող ճանապարհը: Նրանց ընդունել է Գյումրու փոխքաղաքապետ Վաղարշակ Մխիթարյանը, լսել խնդիրը և անմիջապես հրահանգել ոստիկանությունը ազատել այդ ճանապարհը: Այդ հատվածն այս պահին բաց է:
Արմենուհի Մխոյան



