Գագիկ Մինասյանը բնական է համարում սահմանադրական բարեփոխումներին դեմ ուժերի առկայությունը
ՔԱՂԱՔԱԿԱՆԱզգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Մինասյանը բնական է համարում, որ Հայաստանում կան սահմանադրական բարեփոխումներին դեմ արտահայտվող քաղաքական ուժեր, քաղաքացիական նախաձեռնություններ, անհատներ: Սեպտեմբերի 15-ին լրագրողների հետ հանդիպմանը պատգամավորն ընդգծեց, որ նման երևույթները բնորոշ են ժողովրդավարական երկրներին:
«Մենք տեսանք, որ Ազգային ժողովում սահմանադրական բարեփոխումների նախագծի քվեարկության ընթացքում քաղաքական մեծ կոնսոլիդացիա ապահովվեց, սակայն միևնույն ժամանակ եղան պատգամավորներ, ովքեր դեմ քվեարկեցին և շարունակում են դեմ արտահայտվել բարեփոխումներին: Ես դա բնական եմ համարում և կարծում եմ, որ հասարակության մեջ էլ կլինեն մարդիկ, ովքեր այս կամ այն պատճառով դեմ կլինեն: Սա օրինաչափ է»,- ընդգծեց պատգամավորը:
Գագիկ Մինասյանն ակնկալում է, որ սահմանդրական բարեփոխումներին դեմ քաղաքական ուժերը և նախաձեռնություններն իրենց գործողություններում կլինեն կառուցողական և կմնան միայն օրենքի շրջանակում: «Այս պարագայում, կարծում եմ, ամեն ինչ նորմալ կլինի: Որ ուժը կկարողանա քաղաքացիներին ավելի լավ համոզել իր գաղափարների ճշմարատացիությունը, նա էլ կհաղթի: Սա է մրցակցությունը քաղաքական դաշտում»,- եզրափակեց պատգամավորը:



