ՀՀԿ-ն կօգտագործի քարոզարշավի համար նախատեսված ողջ գործիքակազմը
ՔԱՂԱՔԱԿԱՆՀայաստանի Հանրապետական կուսակցությունը սահմանադրական բարեփոխումների հանրաքվեին ընդառաջ կօգտագործի քարոզարշավի համար նախատեսված ողջ գործիքակազմը: Հոկտեմբերի 15-ին լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Մինասյանը:
«Քարոզարշավի ընթացքում կլինեն տարբեր ձևաչափեր: Կկայանան բանավեճեր, ասուլիսներ, հանրահավաքներ: Այսինքն` մենք կօգտագործենք ողջ գործիքակազմը, որն օգտագործվում է քարոզարշավի համար»,- ընդգծեց Մինասյանը:
Պատգամավորը հավելեց, որ ՀՀԿ-ն արդեն իսկ սկսել է «Այո»-ի քարոզարշավը, որի շրջանակում եղել են մի շարք ասուլիսներ և քննարկումներ:
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել սահմանադրական բարեփոխումների հանրաքվեն դեկտեմբերի 6-ին անցկացնելու մասին: Մինչ այդ Ազգային ժողովը ձայների 104 կողմ, 10 դեմ և 3 ձեռնպահ հարաբերակցությամբ հավանություն էր տվել սահմանադրական բարեփոխումների նախագիծը հանրաքվեի դնելու մասին Ազգային ժողովի որոշմանը:



