Վայոց ձորում ողբերգական վթարից տուժած 8-ամյա երեխային տեղափոխել են Երեւան. վիճակը ծանր է
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՎայք-Եղեգնաձոր ավտոճանապարհին այսօր՝ հուլիսի 1-ին, ողբերգական վթարի հետեւանքով տուժած 8-ամյա երեխան տեղափոխվել է Երեւան: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին Վայքի բժշկական կենտրոնից:
«Երեխայի վիճակը ծանր է, նրան տեղափոխել ենք Երեւան: Բացի դրանից, լրացուցիչ հետազոտությունների կարիք կա»,- ասացին հիվանդանոցից:
Երեւան է տեղափոխվել նաեւ մեքենայի վարորդը: Նշենք, որ երեխան եղել է «Օպել» մակնիշի մեքենայում, որի երկու ուղեւորուհիները մահացել են:
Ավելի վաղ հայտնել էինք, որ հուլիսի 1-ին ժամը 07:30-ի սահմաններում Վայք-Եղեգնաձոր ավտոճանապարհին՝ Վայոց ձորի մարզի Մալիշկա գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ավտովթար: Բախվել են «Օպել» և «Նիսան» մակնիշի ավտոմեքենաներ: Վթարի հետեւանքով «Օպել»-ի երկու ուղեւորուհիները՝ հարս եւ սկեսուր մահացել են, կա 11 տուժած, որից 8-ն իրանցիներ են:



