ՀՀ-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը նախատեսվում է ստորագրել աշնանը
ՔԱՂԱՔԱԿԱՆՀայաստանի և Եվրոպական Միության միջև համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը նախատեսվում է ստորագրել 2017թ. աշնանը: Ազգային ժողովի եվրոպական ինտեգրման հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում ՀՀ 2016թ. պետական բյուջեի կատարման հաշվետվության քննարկմանն այս մասին ասաց ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը՝ պատասխանելով «Ծառուկյան» խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանի հարցին: «Կարող եմ արձանագրել, որ փաստաթուղթը նախաստորագրվել է, և նախատեսվում է, որ աշնանը պիտի ստորագրվի: Արդյունքների մասին կխոսենք մյուս տարի»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասաց փոխնախարարը:
Արձագանքելով փոխնախարարին՝ Վահե Էնֆիաջյանը հիշեցրեց, որ մտավախություններ կան, որ համաձայնագիրը կարող է չստորագրվել, քանի որ 2013թ. Հայաստանը ԵՄ-ի հետ երկար ժամանակ բանակցելուց հետո ի վերջո չնախաստորագրեց Ասոցացման համաձայնագիրը:
Շավարշ Քոչարյանն ընդգծեց, որ հասկանում է պատգամավորի մտավախությունը: «Ես հասկանում եմ ձեր մտավախությունը, բայց սպասենք, ստորագրումը նախատեսվում է աշնանը»:



