Թուրքիան Կատարում ռազմակայան ստեղծելը չի կապակցում էմիրության շուրջ ճգնաժամի հետ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԹուրքիան կապ չի տեսնում Կատարում իր ռազմակայանը ստեղծելու ու Պարսից ծոցում սկսված ճգնաժամի հետ։ Այս մասին հունիսի 25-ին լրագրողներին հայտնել է Թուրքիայի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Հյուսեյն Մյուֆթյուօղլուն, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Մենք վշտացած ենք, որ Կատարի ու Պարսից ծոցի մյուս երկրների միջեւ ճգնաժամը դեռ չի կարգավորվել։ Մենք ոչ մի կապ չենք տեսնում էմիրությունում ռազմակայան ստեղծելու ու Կատարի շուրջ հակամարտության միջեւ,- շեշտել է նա,- Դրա բացումը նախատեսված էր երկկողմանի համագործակցության ամրապնդման մասին 2014-ին կնքված համաձայնագրով»։
Մյուֆթյուօղլուն նաեւ նկատել է, որ «թուրքական բազայի, ինչպես նաեւ տարածաշրջանի պետություններում ցանկացած այլ օտարերկրյա բազայի ստեղծումը չի հակասում Պարսից ծոցի արաբական պետությունների համագործակցության խորհրդի երկրների ընդհանուր տեսակետներին՝ ամբողջ Պարսից ծոցում խաղաղություն, անվտանգություն ու կայունություն ապահովելու առումով»։



