Սիրիական բանակի ուժերին հաջողվել է փրկել միջազգային կոալիցիոն ուժերի խոցած սիրիական ինքնաթիռի օդաչուին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՍիրիական բանակի ուժերին հաջողվել է փրկել ԱՄՆ-ի գլխավորած միջազգային կոալիցիոն ուժերի կողմից խփված սիրիական ռազմական ինքնաթիռի օդաչուին, այս մասին հայտնում է ռուսական РИА Новости գործակալությունը՝ հղում անելով դեպքի վայրում աշխատող իր աղբյուրին:
Ալի Ֆահեդ անունով գնդապետն այժմ գտնվում է բժիշկների վերահսկողության տակ, ըստ նախնական տվյալների՝ նրա կյանքին վտանգ չի սպառնում:
Հայտնի է, որ օդաչուին զինակիցները գտել են սիրիական Ռաքքային մոտ 30 կմ հեռավորության վրա:
Նշենք, որ ԱՄՆ-ի գլխավորած միջազգային կոալիցիան իր հայտարարության մեջ սիրիական ինքնաթիռի խոցումը բացատրել է նրանով, որ վերջիններս ռմբակոծել են Ռաքքայում գտնվող ընդդիմադիր ուժերին:
Իր հերթին՝ սիրիական բանակի հրամանատարությունը հայտարարել է, որ ՍՈւ-22 ռազմական ինքնաթիռը գործել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ, իսկ միջազգային կոալիցիային Դամասկոսը մեղադրել է ահաբեկիչների հետ համաձայնեցված կերպով գործելու համար:
Նշենք, որ Սիրիայի հյուսիսում գտնվող Ռաքքայի ազատագրման գործողությունն իրականացվում է «Սիրիայի դեմոկրատական ուժեր» ընդդիմադիր խմբավորման և Սիրիայի տարածքում գործող քրդական ազգային ինքնապաշտպանության ջոկատների կողմից, գործողությանն աջակցում են նաև ԱՄՆ-ի գլխավորած միջազգային կոալիցիոն ուժերը:



