Գառնու համայնքի կենտրոնական ճանապարհները վատ վիճակում չեն. համայնքի ղեկավար
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԳառնի համայնքի կենտրոնական ճանապարհները վատ վիճակում չեն: Tert.am-ի հետ զրույցում այս մասին ասաց Գառնի համայնքի ղեկավար Ահարոն Սահակյանը` հակադարձելով քննադատությունը, թե տուրիստական կենտրոններից մեկի ճանապարհները վատ վիճակում են: Միաժամանակ Սահակյանը հավելեց, որ այս տարի ինքը գումարներ է հատկացրել այն վերանորոգելու համար:
«Գումարներ եմ հատկացրել, որ վերանորոգվեն ոչ միայն հիմնական, այլև երկրորդական որոշ ճանապարհներ: Գառնի մտնող ճանապարհների համար մեր համայնքը պատասխանատու չէ»,- շարունակեց նա:
Սահակյանը գիտի, որ Երևան- Գառնի ավտոխճուղու վրա գտնվող Ողջաբերդ համայնքի ճանապարհները վատ վիճակում են գտնվում, սակայն շեշտեց, թե դա էլ իր պատասխանատվության տիրույթում չէ. «Ողջաբերդ համայնքի ղեկավարը կարող է ասել, բայց ես գիտեմ, որ վերանորոգման ծրագիր կա, պարբերաբար վերանորոգվում է»,- շարունակեց Սահակյանը:
Գյուղապետը, խոսելով Գառնու Ազատ գետի հետ կապված խնդիրների մասին, և անդրադառնալով քննադատությունը, թե նախկին ծրագրով են շահագործում, հակադարձեց՝ ասելով, թե ապատեղեկատվություն է:
«Նախկին ծրագիրը չէ, փոփոխված ծրագրով են գործում: Հիմա մոտ 6 կմ ներքև են իջել»,- եզրափակեց Ահարոն Սահակյանը:



