Կիեւում բացվել է «Ուկրաինայի հայկական սրբապատկերները» ցուցահանդեսը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՀայկական Աստվածամոր սրբապատկերի օրվա հռչակման 226-րդ տարեդարձին նվիրված միջոցառումների շրջանակում Կիեւում բացվել է ցուցահանդես, որը կազմակերպել էր Ուկրաինայի Հայերի միությունը՝ Ուկրաինայի ճարտարապետների միության աջակցությամբ։
Կիեւի Ճարտարապետների տանը «Ուկրաինայի հայկական սրբապատկերները» ցուցահանդեսի շրջանակում ներկայացվել են ուկրաինա-հայկական պատմության ամենավառ էջերը։
Ուկրաինայի հայերի միության՝ պատմամշակութային ժառանգության հարցերով հանձնաժողովից AnalitikaUA.net-ին հայտնել են, որ ցուցահանդեսի նախապատրաստման աշխատանքները ավելի քան յոթ ամիս են տեւել։ Ցուցահանդեսում ներկայացված են Ուկրաինայի տարբեր հայկական եկեղեցիների ավելի քան երկու տասնյակ առասպելական սրբապատկերներ։ Պաշտված սրբապատկերները, որոնց մասին դարերով առասպելներ են հյուսել ու գիտական աշխատություններ գրվել, առաջին անգամ են ցուցադրվել լայն հասարակայնությանը։
Շնորհանդեսը վարել է հայտնի ուկրաինացի պատմաբան, Ուկրաինայի հայերի միության պատմամշակութային հարցերով հանձնաժողովի նախագահ Դավիթ Դավթյանը։
Ցուցահանդեսը այցելել են հայկական ու ուկրաինական հոգեւորականության, Ուկրաինայում Հայաստանի դեսպանատան ներկայացուցիչները, հայտնի գիտնականներ, հասարակական ու քաղաքական գործիչներ, դիվանագետներ։



