Կատարը վարձել է ԱՄՆ նախկին գլխավոր դատախազին՝ իր շահերը պաշտպանելու համար
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԿատարի կառավարությունը վարձել է ԱՄՆ նախկին գլխավոր դատախազ Ջոն Էշքրոֆթին՝ ահաբեկչությանն աջակցելու մասին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի եւ հարեւան արաբական պետությունների մեղադրանքները հերքելու համար: Այս մասին հաղորդում է Reuters-ը:
Կատարն Էշքրոֆթի իրավաբանական ընկերությանն 90 օրվա աշխատանքի համար 2.5 մլն դոլար կվճարի՝ գլոբալ ահաբեկչության դեմ պայքարի իր ջանքերն ու ֆինանսական կարգավորումներին հետեւելն ապացուցելու համար:
«Ընկերության աշխատանքն է լինելու ճգնաժամային կառավարումը, ծրագրային եւ համակարգային վերլուծությունը, լրատվամիջոցների հետ աշխատանքը, քարոզչությունը»,- ասված է ընկերության նամակում:
Ջոն Էշքրոֆթն ամերիկյան քաղաքական գործիչ է, Հանրապետական կուսակցության անդամ: Տարբեր ժամանակներում նա եղել է Միսուրիի նահանգապետ, սենատոր: Ջորջ Բուշի նախագահության տարիներին 2001-2005 թվականներին նա զբաղեցրել է ԱՄՆ գլխավոր դատախազի պաշտոնը:



