Նոր Հաճընի կամուրջն ամբողջությամբ լուսավորվել է բարձրակարգ լամպերով
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆոր Հաճընի կամուրջը լուսավորելու աշխատանքներն ավարտված են: Կամուրջն ամբողջությամբ կահավորվել է էներգախնայող բարձրակարգ լամպերով:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունից, նախարար Վահան Մարտիրոսյանը, տեղում ծանոթանալով իրականացված աշխատանքների արդյունքին, ընդգծել է դրանց որակական բարձր չափանիշները։
Նախարարության և «Philips Lighting» ընկերության Հայաստանի պաշտոնական գործընկեր «Կոնսէլ» ընկերության միջև ստորագրված համագործակցության մասին հուշագրի համաձայն՝ ընկերությունը սեփական միջոցներով կամուրջը լուսավորվել է բարձրակարգ լուսադիոդային լուսատուներով:
Սա պետություն-մասնավոր հատված համագործակցության դրսևորում է: «Կոնսէլ» ընկերության համար «Philips»-ի վերջին սերնդի արտադրատեսակները հայ հանրությանը ներկայացնելու միջոց է, իսկ պետության համար՝ երթևեկության անվտանգությունը բարձրացնելու և կամրջային բարդ ենթակառուցվածքը բարձրակարգ լուսատուներով անվճար կահավորելու հնարավորություն:
Լույսերի տեղադրման և միացման աշխատանքները կազմակերպել է նախարարության «Հայավտոճան տնօրինություն» ՊՈԱԿ-ը՝ տնօրեն Աշոտ Արշակյանի գլխավորությամբ: Նախարար Վահան Մարտիրոսյանը, բարձր գնահատելով կատարված աշխատանքների որակը, հույս է հայտնել, որ «Philips Lighting» ընկերության հետ համագործակցությունը շարունակական կլինի: Նախարարը, խիստ ուշադրություն դարձնելով ճանապարհի անվտանգ երթևեկության ապահովման միջոցառումներին, նշել է, որ առաջիկայում հանրությանը նոր նախագծեր ներկայացնելու հնարավորություններ կստեղծվեն:



