Դա իսկական գազանություն էր. Լոնդոնի կրկնակի ահաբեկչության ականատեսները պատմել են տեսածի մասին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՀունիսի 3-ի երեկոյան Լոնդոնում տեղի է ունեցել կրկնակի ահաբեկչություն, որի ականատեսները The Guardian պարբերականի հետ զրույցում պատմել են տեսածի մասին: Աղբյուրը նկատում է, որ ահաբեկչությունների իրականացման պահին քաղաքը մարդաշատ է եղել: Շատերը բացօթյա սրճարաններում հետևելիս են եղել ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի եզրափակիչ խաղին: «Մենք դրսում հովանոցների տակ նստած էինք, երբ միկրոավտոբուսը դուրս եկավ Լոնդոնի կամրջի մայթի վրա: Բոլոր սկսեցին վազել: Ես տեսա արնաշաղախ տղամարդու, բայց չգիտեի՝ ով էր նրան վիրավորել: Մենք ևս վազեցինք ապահով վայր գտնելու, թաքնվելու նպատակով, բայց մեզ չհաջողվեց: Վայրկայններ անց գետնին ընկած ու արնահոսող կնոջ տեսա»,-նշել է Բեթանի Աթքինը: Ականատեսներից մյուսը՝ Ուիլ Հևենը, պատմել է, որ կամրջի վրա մարդիկ խմբվել էին վիրավորների շուրջ, երթևեկությունը կաթվածահար էր եղել: «Ամենուրեք քարոս էր, մարդիկ բղավում էին»,-շարունակել է տղամարդը:



