Բրիտանիայում Հայաստանի դեսպանությունը ճշտում է՝ տուժածների մեջ ՀՀ քաղաքացիներ կա՞ն, թե՞ ոչ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՄիացյալ Թագավորությունում Հայաստանի դեսպանությունը ճշտում է գիշերը Լոնդոնում տեղի ունեցած հարձակումների հետեւանքով տուժածների շրջանում ՀՀ քաղաքացիների առկայությունը։ Այդ մասին հայտնել է Հայաստանի ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը։
Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, միկրոավտոբուսը Լոնդոնի կամրջի վրա քշել է բազմության մեջ, որից հետո մեքենայից դուրս են եկել երեք անձինք եւ դանակներով հարձակվել մարդկանց վրա։ Մեքենան սլացել է ժամում 80 կմ արագությամբ։ Ահաբեկչական հարձակումներ են եղել նաեւ Բորոու շուկայում եւ հարավային Վոքսհոլլ շրջանում։
Ժամանած ոստիկանությունը տարհանել է կամրջից մեկ մղոն շառավղով գտնվող բոլոր շինություններն ու զգոսայգիները։ Իրավապահները գնդակահարել են երեք ահաբեկիչների։ Վերջին տվյալներով, զոհվել է վեց մարդ, երեք տասնյակից ավելին տարբեր աստիճանի վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոցներ։ Ոստիկանությունը միջադեպը հետաքննում է որպես ահաբեկչություն։



