Եգիպտոսում 9 հին քարե դամբարան է հայտնաբերվել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԵգիպտացի հնագետների խումբը Ասուան քաղաքի մերձակայքում պեղումների ընթացքում 9 քարե դամբարան է հայտնաբերել, որոնք նախկինում գիտությանը հայտնի չէին։ Գիտնականների կարծիքով՝ դրանք պատկանում են հինեգիպտական քաղաքակրթության ուշ շրջանին (Ք. Ա. 664-332 )։ Այս մասին հաղորդում է «ՏԱՍՍ»-ը՝ վկայակոչելով Ahram Online պարբերականը։
Եգիպտոսի հնությունների հարցերով նախարարության աշխատակիցն ասել է, որ, հնարավոր է, դրանք Նեղոսի արեւմտյան ափին գտնվող Ասուանի դամբարանադաշտերի շարունակությունն են։ Ավելի վաղ այստեղ մի շարք դամբարանադաշտեր են հայտնաբերվել, որոնք պատկանել են Վաղ, Միիջին եւ Նոր թագավորությունների շրջանին։
Նախարարությունում նաեւ նշել են, որ դամբարաններում հայտնաբերվել են քարե սարկոֆագներ՝ մումիաներով եւ հուղարկավորության հետ կապված այլ պարագաներով, որոնք պատկանել են հանգուցյալներին։
Նշվում է նաեւ, որ պեղումները կշարունակվեն սեպտեմբերին։



