Նախագահը շնորհավորական ուղերձ է հղել Երվանդ Ղազանչյանին հոբելյանի կապակցությամբ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ ժողովրդական արտիստ, բեմադրիչ Երվանդ Ղազանչյանին ծննդյան 80-րդ տարեդարձի կապակցությամբ՝ մաղթելով քաջառողջություն, նորանոր ստեղծագործական ձեռքբերումներ և ամենայն բարիք: Այս մասին տեղեկացրին ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից:
«Դուք հայ թատրոնի երախտավորներից եք, ստեղծագործական հարուստ և բովանդակալից ճանապարհ անցած արվեստագետ, որի կյանքն ու գործը թատերարվեստին նվիրված ծառայության փայլուն դրսևորում է:
Քաղաքացու և մտավորականի, սիրված և գնահատված արվեստագետի բարձր առաքելությամբ Դուք շարունակում եք արարել, լույս ու լավատեսություն պարգևել հանդիսատեսին՝ քարոզելով բարության և մարդասիրության անանց արժեքները»,-ասված է Հանրապետության Նախագահի շնորհավորական ուղերձում:



