Երևան, 07.Փետրվար.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Ուրախանալն արվեստ է, ծիծաղելը` առավել ևս.... «Փաստ»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Արամայիս Սահակյանը` մեր սիրելի բանաստեղծը, մեր սիրելի երգիծաբանը, մեր սիրելի Ոզնին արդեն չորս տարի մեզ հետ չէ: Այսօր նա կդառնար 81 տարեկան: Չնայած` ինքը թարս էր կարդում` կասեր 18 տարեկան:

Ներկայացնում ենք մեր վերջին հարցազրույցը նրա հետ:

– Դուք հայտնի եք որպես գրող, հեղինակ եք բանաստեղծական բազմաթիվ ժողովածուների, բայց վերջին շրջանում առավելապես ստեղծագործում եք երգիծանքի ժանրում: Թողե՞լ եք լիրիկան:

– Ոչ մի բան էլ չեմ թողել: Պարզապես ժամանակաշրջանը փոխվեց: Եթե նախկինում բանստեղծական գիրքը հրապարակվում էր 50 հազար տպաքանակով, (իմ գրքերից 7–ը այդ տպաքանակն են ունեցել), վաճառքը տևում էր 50 վայրկյան, ապա այսօր գրքերը տպագրվում են 100 օրինակով կամ ամենաշատը` 500 օրինակով և մնում են գրախանութներում: Ոչ ոք չի կարդում, այդ թվում` չեն կարդում նաև դասականների գրքերը: Այսինքն` սա մի ժամանակ է, երբ պոեզիան այլևս չի հետաքրքրում մարդկանց մեծամասնությանը: Ինձ համար, իհարկե, էլի գրում եմ: Մտածում եմ` իմ մահից հետո կկարդան և զարմանքով կասեն` ո՞նց էս մարդուն մենք չենք ճանաչել…

– Դուք նաև բազում երգերի հեղինակ եք, որոնք մտել են ժողովրդի մեջ և անգամ ընկալվում են արդեն որպես ժողովրդական երգեր: Ներկա երգիչների համար չե՞ք փորձել երգի խոսքեր գրել:

– Ես ընդհանրապես որևէ երգչի համար երգի խոսքեր չեմ գրել: Երգահաններն են իրենց կամքով իմ տողերն ընտրել սեփական երգի համար: Այսօր էլ նույնն է: Մեկ էլ տեսնում եմ` իմ բանաստեղծությունը երգ է դարձել: Շատ երգիչներ էլ պարզապես երգում են «նախկին» երգերիցս:

– Ի՞նչը ձեզ ստիպեց թեքվել դեպի երգիծանքը:

– Ես երբեք չեմ թեքվել, որովհետև երգիծանքը միշտ է հետս եղել` սկսած մանկության տարիներից: Մեր դպրոցում տարածված էին իմ կատակները: Նույնիսկ դպրոցական թեմայով պիեսներ եմ գրել: Իսկ Երևան գալուց հետո, երբ աշխատում էի «Գարուն» ամսագրում, ղեկավարում էի երգիծանքի բաժինը:

Մի դեպք պատմեմ. խմբագիրը` Վարդգես Պետրոսյանը, մեկի վրա զայրացել էր, որ հոդվածում Հայաստանի միայն մի գէս էր նշել, կարծեմ` Երևանգէսը: Ի՞նչ է, էլ ուրիշ գէս չկա՞, շուտ մեկ–երկու գէս էլ ասա,– գոռում ու պահանջում էր լրագրողից: Ավելին` շարունակում էր` եթե ուրիշ գէսեր չթվարկես, աշխատանքից կհեռացնեմ: Այդ մարդը` վախվորած, թե` Տաթևգէս: Էլի թվիր, էլի,– պահանջում էր խմբագիրը: Մարդն ուրիշը չգիտեր, խեղճացավ: Ես էն կողմից շարունակեցի` Վարդգէս: Բոլորն ուշաթափվեցին ծիծաղից, ու գործը փակվեց:

Երգիծական վիպակ էլ ունեմ, որը ժամանակին արժանացավ Լենինյան կոմերիտմիության մրցանակին: Երբ Կարեն Դեմիրճյանի առաջարկությամբ նշանակվեցի «Ոզնու» գլխավոր խմբագիր, աշխատանքն ու իմ ներքին էությունը լիովին արդեն իրար համապատասխանեցին: Պաշտոնը ստանձնելուց թերթի տպաքանակը 5000 էր: Մի քանի տարի անց հասավ 250000: Արդեն 26 տարի «Ոզնու» խմբագիրն եմ, և ստացել եմ 26 նկատողություն:

– Երգիծաբանը ուզի թե չուզի շատերին է, մեղմ ասած, նեղացնելու: Բայց ձեզ բոլորն էլ սիրում են…

– «Բոլորը» ասելը մի քիչ չափազանցված է: Բայց մի բան հիշեմ. «Крокодил»–ի խմբագիրը երբ եկավ Հայաստան, վերադառնալուց հետո իր թերթում գրեց. «Երգիծաթերթի եզակի գլխավոր խմբագիր, որին բոլորը սիրում են»: Որովհետև փողոցով երբ միասին անցնում էինք, ամեն տեսակի մարդիկ գրկում–համբուրում էին ինձ: Նա զարմացած էր դրանից: Մինչդեռ այդ տարիներին ես ի՞նչ ասես, ու ո՞ւմ ասես որ չէի քննադատում. էլ մինիստրների, էլ շրջկոմի քարտուղարների… Գուցե պատճառն այն է, որ երբեք սուտ բան չե՞մ գրել, նաև` երբեք չե՞մ ցանկացել հոնքի տեղ աչքն էլ հանել:

– Ո՞նց եք վերաբերվում սև հումորին:

– Հիմնականում կողմնակից եմ, որ հումորի տակ թույն չլինի: Եթե մեկը թույնով է գրում, նա երգիծաբան չէ: Դու կարող ես անշուշտ շատ ուժեղ քննադատել, բայց եթե մեջդ մաղձ կա, արդեն արածդ այլ ժանրի գործ է: Ես դեմ եմ երգիծանքի մեջ հայհոյանքին: Հումորը պետք է նուրբ ու բարի լինի: Մարդիկ նկատեն, որ դու ցավում ես իրենց թերության համար, և ոչ թե չարախնդում: Ծիծաղով ես փորձում դաստիարակել: Ես իմ առաջ խնդիր եմ դրել զարգացնել հայ երգիծանքը և միաժամանակ մարդկանց լավատեսություն հաղորդել:

– Այժմ` մի դասական հարց. ի՞նչ է հումորը:

– Հումորը ապրելու և տառապանքներից փրկվելու լավագույն միջոցն է: Այն փրկօղակ է: Որովհետև մարդկության կյանքը տառապանքների պատմություն է, պատերազմների ու մահվան պատմություն է:

– Եթե ձեր կողքի մարդը կամ զրուցակիցը հումորի զգացում չունի՞…

– Այդպիսիները սկսում են կատակի մեջ տրամաբանություն փնտրել: Զգում եմ, որ չեն հասկանում ինչն ինչոց է: Ես խղճում եմ նրանց:

– Ասում են երգիծաբանները տխուր մարդիկ են: Նույնը ձե՞ր մասին ասենք:

– Հիմնականում այդպես է` տխուր են: Ես ճիշտ եմ, երբ մենակ եմ: Մենակ ժամանակ ես շատ լավ մարդ եմ: Շատ խոհուն, ամեն ինչ տեսնող, զգացող մարդ եմ: Եվ գիտե՞ք` ամեն բան չէ, որ կարող ես ասել և պետք է ասես: Պատկերացրեք, մեկի հետ երկար տարիներ ապրում ես, թերությունները գիտես, հո չպե՞տք է դրանց մասին բարձրաձայնես: Ամեն մեկին ընդունիր իր թերություններով: Ի վերջո, աշխարհում անթերի մարդ չկա: Գուցե դրանո՞վ է կյանքը հետաքրքիր: Թե չէ պատկերացրեք` երկրագունդը հարթ է. նման կլիներ անապատի:

– Ամենքը չէ, որ ունեն սրամտելու ընդունակություն: Դա ի՞նչ հատկանիշ է: Ի վերջո ի՞նչ մղում է:

– Շատերն են անդրադարձել այդ խնդրին: Հիմնականում նշել են, որ կատակը մեծ ինտելեկտի նշան է: Մարդ պետք է այնքան ընկալունակ ու զարգացած լինի, որ կարողանա ըմբռնել ու հասկանալ երևույթի նրբերանգները:

– Այս դեպքում տեղի՞ն է խոսել «լուրջի անլրջություն» արտահայտության մասին:

– Այո: Ինձ համար աշխարհի ամենաանլուրջ մարդիկ նրանք են, ովքեր, ասենք ժողովներին, նախագահության նիստերին շատ լուրջ դեմքով նստած են: Ոմանց էլ թվում է, թե խելոքության նշան կլինի, եթե թթու դեմք ընդունեն: Այն էլ ասեմ, որ շատ լուրջ լինելը վտանգավոր է:

– Մարդ ե՞րբ կարող է ինքն իրեն ծաղրել:

– Երբ ուժեղ է: Թույլ մարդն ինքն իրեն երբեք չի ծաղրի: Ավելին` ամեն հասարակ բանից նեղանում է:

– Իսկ երբ մարդ շատ լուրջ է ինքն իրեն վերաբերվո՞ւմ…

– Դա էլ է ծիծաղելի: Որովհետև պետք է իմանա, եթե ինքն ուրիշների մեջ թերություն է տեսնում, այդ թերությունն իր մեջ էլ կա: Ու պետք է ինքն իրեն շատ լուրջ չընդունի:

– Ինձ թվում է` նման մարդն անընդհատ ծիծաղելի վիճակների մեջ է ընկնում:

– Հենց այդպես է, որ կա:

– Երգիծանքի ոլորտում ո՞վ է եղել և ո՞վ է դեռևս մնում ձեզ համար ուղեկից:

– Բոլոր մեծերը: Իսկ առանձնապես հրապուրել են Բրանիսլավ Նուշիչը, Ջերոմ Ք. Ջերոմը: Պարոնյանի մասին չեմ ասում, որը մեծերի մեջ մեծ է: Իմ իմացած ամենասրամիտ գրողներից է Վիլյամ Սարոյանը: Նա, նկատելով ամեն ծիծաղելին, գրել է իր «Մարդկային կատակերգությունը»:

– Ինչպե՞ս եք գնահատում ժամանակակից հումորը:

– Նախ երգիծանքը պետք է տարբերենք քննադատությունից: Ամեն մի երգիծանք քննադատություն է: Բայց ամեն մի քննադատություն երգիծանք չէ: Օրինակ` Ազգային ժողովը բոլորս քննադատում ենք: Ասում ենք` այնտեղ միայն խոսում են, ոչ ոք ոչինչ չի անում և այլն: Սա քննադատել է: Բայց Աթաբեկ Խնկոյանը այդ նույն երևույթի մասին խոսեց երգիծանքի լեզվով` գրեց «Մկների ժողովը»: Մեր օրերի մյուս վտանգն էլ այն է, որ տարածված, վաղուց տպագրված անեկդոտները բեմադրում են, ներկայացնում ու` վերջ: Բայց դա սեփական ասելիք չէ: Նաև դեմ եմ այն երգիծանքին, որի մեջ կա գռեհկաբանություն: Ճգնում են հանդիսատեսին գրավել գռեհիկ խոսքերով, ժարգոնային արտահայտություններով:

– Ժամանակակից սերունդն ա՞յլ բանի վրա է ծիծաղում:

– Ինչ որ մատուցում ես, դրան էլ սովորում են: Սակայն հարցն այլ շերտ էլ ունի: Գլոբալացում կոչվածը նպատակ ունի իջեցնել բոլոր ազգերի մակարդակը: Ինչո՞ւ պետք է հայերն ուժեղ մշակույթ ունենան: Ձգտում են ժողովուրդների գիտակցականության նշաձողն իջեցնել, որ հեշտությամբ նրանց իշխեն: Միաժամանակ մի բան էլ կա. ինչը հեշտ է` շուտ ընկալելի է: Նաև` մարդիկ ժամանակ չունեն խորանալու հարցերի մեջ, հաճույքով վերցնում են հեշտը, դյուրինը: Օրինակ, եթե երկու գիրք է դրված, մեկի վերնագիրը`«Բարություն», մյուսինը`«Բռնաբարություն», վերջինը կառնեն: Օգտվելով այս հանգամանքներից, դրսից բերում և իրենց պրիմիտիվ մշակույթը փաթաթում են մեր վզին` այդ սերիալները, դաժանություն քարոզող ֆիլմերը…

– Հայի հումորն առանձնահատկություն ունի՞: Մենք առավելապես ինչի՞ վրա ենք ծիծաղում:

– Ամեն ժողովուրդ ունի իր առանձնահատուկ հումորը: Օրինակ՝ եթե ֆրանսիացին ընկերոջն ասի` գիտե՞ս, քո կինը մեր երկուսին էլ դավաճանում է, նրանք կծիծաղեն: Հայի համար դա կարող է և հասկանալի չլինել: Ավելին` տարբերություն կա հայաստանցի հայի և սփյուռքահայի միջև. այն միջավայրը, ուր ապրում են, իրենն ասում է: Լեզվական նրբություններն էլ են էական:

– Մեր ժողովրդի առանձին հատվածներ և՞ս տարբերվում են այդ առումով:

– Այո: Մենք ունենք մոտ մի յոթը հումորի կետ: Օրինակ` վանեցիները: Ընդ որում ասեմ` մենք չկարողացանք նրանց հումորը հասանելի դարձնել աշխարհին, բայց որտեղից որտեղ հայտնվեցին գաբրովցիները, դրանք սեփականեցին ու տպագրեցին–տարածեցին աշխարհով մեկ: Դեռ միլիարդների եկամուտ էլ ստացան:

Կամ` քյավառցիները ծաղրում են հարբեցողությունը: Լոռեցին դա երբեք չի անի: Սրանք էլ աչքի են ընկնում իրենց միամտությամբ, անտառում մեծացած, կենդանիների հետ շփված մարդիկ են: Գյումրեցիները ևս բոլորովին տարբերվում են մյուսներից. նրանց հումորին բնորոշ է մեծախոսությունը: Տեսեք պատին փակցված թուղթը, որի վրա կանայք իմ ծննդյան 60–ամյակի առթիվ 60 համբույր են դրոշմել: Ներքևում համբույրներից մեկը շատ է մեծ: Դա գյումրեցու համբույր է: Կամ` ապարանցիները: Ես Ապարան քաղաքում ոչ մեկին չգիտեմ, որ տանն ավանակ պահի: Բայց տեղյակ ենք` իրենց ինչ են ասում: Ինչո՞ւ են ասում: Որովհետև Բաշ–Ապարանի կռվի ժամանակ էշերով ուտելիք են տեղափոխել ռազմաճակատ: Մթերքին սպասողները իրար հարցրել են ` էշերը չեկա՞ն: Ու այդպես էլ կպել–մնացել է: Ղարաբաղցիներն էլ ասում են` մենք որ էշ էինք, դուք ո՞ւր էիք:

– Ընդհանրապես հայը տխո՞ւր մարդ է:

– «Կիկոսի մահը» կարդացել ես, չէ՞: Հայը չեղած տեղից այնպիսի ողբերգություն կսարքի…: Իհարկե, մեր պատմությունը տառապանքի էջեր շատ ունի: Բայց անկախ դրանից սիրում ենք, էլի, հաճախ լաց լինել: Մինչդեռ անգամ առօրյա կյանքում ոչ ոք չի սիրում, երբ դիմացինը գալիս–գանգատվում է, բողոքում է կյանքից, սրանից, նրանից:

– Այսինքն` ծիծաղելը, սրտանց ուրախանալը տաղանդ է, արվեստ է:

– Մեծ արվեստ է: Ընդհանրապես ամեն ինչ արվեստ է: Ապրելն արվեստ է:

 Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:

Ինչ է արվել «Տաշիր» ընկերությունների խմբի կողմից Երևանի կրկեսը ձեռք բերելուց հետո07.02-12.02. ինչ եղանակ կլինի այս օրերին Այսօր Օլիմպիական խաղերում հանդես կգա 33-ամյա դահուկորդ Կատյա Գալստյանը Արտակարգ իրավիճակ՝ Արագածոտնում, մերկասառույցի պատճառով առաջացել է մոտ 18 կիլոմետրանոց խցանում, մեքենաների թիվն անցնել է 4000-ըԱդրբեջանն ընկնավորում է «Արցախ» բառից Մկաններով շախմատ. ո՞ր երկիրն է համարվում սուսերամարտի հայրենիքը. «Փաստ»Ինչպես հասկանալ երշիկի անորակ և որակյալ լինելը․ գաղտնի նշաններ, որոնց պետք է ուշադրություն դարձնելԼեհաստանը կործանիչներ է օդ բարձրացրել Ռուսաստանի գործողությունների պատճառով ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (7 ՓԵՏՐՎԱՐԻ)․ Բաց տիեզերք՝ առանց ապահովագրող ճոպանի, խաղաղ բնակչության զանգվածային սպանդներ. «Փաստ»Մոռացված հրաշք՝ Տավուշի մարզում. բացահայտելով Հայաստանը (մաս 2)«Սրբազանն էլ է տնային կալանքի տակ, քաղաքացուն խոշտանգած ոստիկա՛նն էլ․ խայտառակություն է»․ Էդմոն Մարուքյան Պրոակտիվ քաղաքականությանը պատասխանում են` պատերա՞զմ ես ուզում. Մենուա Սողոմոնյան Չենք թողնի, որ մեր կորուստներն իզուր լինեն․ Գագիկ ՀովհաննիսյանԻ՞նչ է կատարվում հայ-ռուսական հարաբերություններում. «Փաստ»Մեզ համար հայրենիքն անգին է, իրենց համար այն 30 արծաթի գին էլ չունի. Արշակ ԿարապետյանՕլիմպիական խաղերում ՀՀ դրոշակակիրը Ակոպովա-Ռախմանին զույգն է եղել | Հայ մարզիկների ելույթների ժամանակացույցը Գագիկ Ծառուկյանի աջակցությամբ Վարդենիսում բացվեց սառնարանային տնտեսություն Թե ինչպես է սպորտը դառնում հանրային դիվանագիտության արդյունավետ գործիք․ Իգոր Չայկա Արտառոց դեպք՝ Արարատում, 47-ամյա տղամարդը մեքենայում շանտաժով uեքuուալ գործողություններ է կատարել 14-ամյա աղջկա նկատմամբԲնակարաններից մեկում հայտնաբերվել են երիտասարդ տղամարդու և կնոջ դիակներԱՄՆ-ն տարածաշրջանում Ռուսաստանի թե Եվրոպայի ազդեցությունն է ուզում թուլացնել. «Փաստ»Ինչպե՞ս է իրականում աշխատում Temu-ն. իրակա՞ն են արդյոք զեղչերը«Արարատ 73». պատմություն նվիրվածության, համառության և հաղթանակի մասին. «Փաստ»Ֆինլանդիայի ամենամեծ արևային էլեկտրակայանի գործարկումը չի ընթացել ժամանակացույցով«Հույս չունեմ, որ այստեղից կպրծնեմ, երկնքից կրակ է թափվում». Սերյոժա Փանոսյանն անմահացել է սեպտեմբերի 29-ին Հադրութում. «Փաստ»Արդարադատության նախկին փոխնախարար Տրոպինը խեղդվել է լոգարանումԵրբ եկեղեցու դեմ ճնշումը դառնում է միջազգային օրակարգ Երբ Մոսկվայում չեն վստահում Երևանին Նոր միջուկային մրցավազքի վերսկսման վտանգները. «Փաստ»Փեսացուն սրտի կաթված է ստացել իր հարսանիքի ժամանակՄեկնարկել է ձմեռային Օլիմպիական խաղերի բացման արարողությունը (լուսանկարներ) Աղոթք նեղության ժամին Որտե՞ղ է իրականում թաքնված շան գլուխը. «Փաստ»ԵՄ երկրներ ձուկ և ձկնամթերք արտահանելու նպատակով կկատարվեն օրենսդրական փոփոխություններ. «Փաստ»«Փաշինյանի նպատակն իր թիմի և կողմնակիցների հոռետեսությունը փարատելն է». «Փաստ»Ինչպես թույլ չտալ ձայների փոշիացում. «Փաստ»Մրցանակային «եղբայրություն»... հազարավոր զոհերի, զրկանքների ու բռնագաղթի հաշվին. «Փաստ»Ի՞նչ են ցույց տալիս Ռոբերտ Քոչարյանի ասուլիսի դիտումներն ու արձագանքները. «Փաստ»Հիմա ինչի՞ց են «նեղված» քպականները. «Փաստ»Ռուսական ուժերը գիշերային հարվածներ են հասցրել Ուկրաինայի էներգետիկ օբյեկտներին Լավ հանդիպում էր, մրցում էին երկու շատ ուժեղ թիմեր․ Սպերցյանը՝ «Զենիթի» հետ խաղի մասին Հումորիստ Նուրլան Սաբուրովին արգելվել է մուտք գործել Ռուսաստան 50 տարով․ ո՞րն է պատճառը «Արարատ 73» ֆիլմի պրեմիերան, կարմիր գորգը, հայտնի հյուրերն ու ԽՍՀՄ ֆուտբոլի պատմական գավաթը ԵԱՀԿ-ն աշխատում է Եվրոպայում պատերազմը կանխելու ուղղությամբ. Սինիրլիօղլու Լիլի Մորտոն երեխայի է սպասում (լուսանկարներ) Իտալիայում տեղի է ունենում ձմեռային Օլիմպիական խաղերի բացման արարողությունը (տեսանյութեր) «Ալ Նասրը» երկրորդ խաղում անընդմեջ հասավ հաղթանակի առանց Ռոնալդուի (տեսանյութ) «Հըզբոլլահի» հետախուզության ղեկավարը հրաժարական է տվել Արցախի թեմի առաջնորդը նամակով դիմել է ԱՄՆ փոխնախագահին Խոշոր ավտովթար՝ Երևանում. Հանրապետության հրապարակում «Honda»-ն բախվել է կայանված «Lexus»-ին, անցել կանաչ գազոնի վրայով, կոտրել հետիոտնի համար նախատեսված լուսակիրն ու ցուցանակը և գլխիվայր շրջվել. կա վիրավոր