Գյուղացիները բողոքում են գյուղմթերքի էժանացումից. նրանց փակած Էջմիածին- Մարգարա ավտոճանապարհն արդեն բաց է
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԳյուղացիների կողմից փակված Արմավիրի մարզի Էջմիածին-Մարգարա ավտոճանապարհն արդեն բաց է: Երթևեկությունը բնականոն հունով ընթանում է: Այս մասին նշեց Արմավիրի մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Արթուր Այվազյանը:
«Մի քանի ջերմոցային տնտեսությունների սեփականատերեր փակել էին ճանապարհը: Նրանց անհանգստացնում էր գյուղմթերքի շուկայում առկա գնանկումը: Մասնավորապես, վարունգի գինը դարձել է 120 դրամ, ինչը գյուղացիների համար մտահոգիչ է: Փոխմարզպետը եղել է տեղում, լսել գյուղացիների խնդիրը: Ընդհանուր համաձայնության եկան ճանապարհը բացելու հարցում»,-ասաց նա:
Գյուղացիները նշել են, որ մի կողմից արտահանում չկա, մյուս կողմից էլ Թուրքիայից գյուղմթերք է մտել Հայաստանի շուկա: Արթուր Այվազյանն ասաց, որ արտահանում իրականացվում է: Ինչ վերաբերում է շուկա թուրքական մթերքի ներմուծմանը, ապա նշեց, որ այս պահին նման տեղեկություն չունեն:



