Ադրբեջանը շփման գծում կիրառել է հաստոցավոր հակատանկային նռնականետ և 60 մմ ականանետ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱրցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում Ադրբեջանը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 100 անգամ: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ԱՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից:
ԱՀ ՊՆ հայտարարության մեջ ասվում է. «Մայիսի 19-ին և լույս 20-ի գիշերը արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 100 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով շուրջ 1750 կրակոց: Բացի հրաձգային զինատեսակներից, ադրբեջանական զինուժը շփման գծի արևելյան ուղղությամբ կիրառել է հաստոցավոր հակատանկային նռնականետ (32 արկ), իսկ հյուսիսարևելյան հատվածում՝ 60 միլիմետրանոց ականանետ (7 արկ):
ՊԲ առաջապահ զորամասերը հակառակորդի նախահարձակ գործողությունները ճնշելու համար դիմել են պատասխան գործողությունների»:



