ԴԱՀԿ ղեկավարի պատվիրակությունը եռօրյա աշխատանքային այցով Սանկտ- Պետերբուրգում է
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀարկադիր կատարման ծառայության պատվիրակությունը՝ ՀՀ գլխավոր հարկադիր կատարող, արդարադատության գեներալ-մայոր Արմեն Հարությունյանի գլխավորությամբ մայիսի 17-19-ը եռօրյա աշխատանքային այցով գտնվում է Ռուսաստանի Դաշնության քաղաք Սանկտ-Պետերբուրգում՝ Ռուսաստանի Դաշնության դատական պրիստավների դաշնային ծառայության տնօրենի և Դատական կատարողների միջազգային միության նախագահի հրավերներով: Պատվիրակությունը մասնակցելու է Պետ երբուրգյան 7-րդ միջազգային իրավաբանական ֆորումին, ինչպես նաև դրա շրջանակներում անցկացվող՝ Դատական կատարողների միջազգային միության խորհրդի ամենամյա կիսամյակային նիստին, որը տեղի է ունենալու մայիսի 19-ին: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ԴԱՀԿ մամուլի ծառայությունից:
Մայիսի 17-ին, մեկնարկել է Միջազգային իրավաբանական ֆորումը, որին մասնակցելու հայտ է ներկայացրել աշխարհի շուրջ 79 երկրի պատվիրակ: Ֆորումն անցկացվում է՝ սկսած 2011 թվականից, և դրա գլխավոր կազմակերպիչը Ռուսաստանի Դաշնության արդարադատության նախարարությունն է՝ Ռուսաստանի Դաշնության Նախագահի հովանու ներքո: Միջազգային իրավաբանական ֆորումը եզակի հարթակ է՝ բարձրաստիճան պաշտոնյաների, պետությունների ներկայացուցիչների, միջազգային մասշտաբի իրավագետների ու միջազգային հարաբերությունների ոլորտի փորձագետների միջև երկխոսության ու լայնածավալ քնն արկումների համար: Հայաստանի Հանրապետությունն այս կարևոր միջոցառմանը մասնակից է դառնում առաջին անգամ:
Եռօրյա աշխատանքային այցի ընթացքում նախատեսվում են նաև Արմեն Հարությունյանի հանդիպումները գործընկեր կառույցների ղեկավարների հետ, որոնց շրջանակում կքննարկվեն փոխգործակցության խորացման, հետագա զարգացման ու փորձի փոխանակման ընդլայնման հեռանկարները:



