Հաքերները գողացել են Walt Disney-ի նոր ֆիլմը և մեծ գումար են պահանջում այն չհրապարակելու համար
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՀաքերները գողացել են Walt Disney ընկերության ֆիլմը, որը մոտ ժամանակներս պետք է էկրաններ դուրս գա, և այժմ սպառնում են հրապարակել այն համացանցում: Այս մասին հայտնում է Hollywood Reporter-ը՝ հղում անելով ընկության ղեկավար Ռոբերտ Այգերին:
Այգերի խոսքով՝ հաքերները դրա դիմաց Disney-ից «բիթքոիններով հսկայական գումար» են պահանջում: Պահանջված գումարը չստանալու դեպքում հաքերները սպառնում են սկզբից հրապարակել ֆիլմի հինգ րոպեանոց հատվածը, այնուհետև 20 րոպեանոց հատվածներ հրապարակել՝ մինչև իրենց ֆինանսական պահանջների բավարարումը:
Այգերը չի մանրամասնել՝ որ ֆիլմի մասին է խոսքը, սակայն հայտնի է, որ շուտով պետք է էկրաններ դուրս գա «Կարիբյան ծովի ծովահենները. Մեռյալները հեքիաթներ չեն պատմում» բլոկբաստերը: ԱՄՆ-ում ֆիլմի պրեմիերան սպասվում է արդեն հաջորդ շաբաթ՝ մայիսի 26-ին:
Նշվում է, որ Disney-ը հրաժարվել է վճարել գումարը: Գործի քննությանը միացել են դաշնային քննիչները:



