Լավրովն ու Թիլերսոնը Սիրիայի հարցով որևէ ծրագիր չեն համաձայնեցրել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՌուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն ու ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը մայիսի 10-ին կայացած հանդիպման ժամանակ չեն համաձայնեցրել որեւէ ծրագիր, որը թույլ կտար առաջ շարժվել դեպի սիրիական խաղաղ կարգավորում։ Այս մասին մայիսի 15-ին լրագրողներին հատուկ ճեպազրույցի ժամանակ ասել է ԱՄՆ պետքարտուղարի՝ Մերձավոր արեւելքի հարցերով օգնական Սթյուարթ Ջոնսը , փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Պետքարտուղարն ու արտգործնախարարը արդյունավետ քննարկում են ունեցել, նրանք խոսել են այն մասին, թե ինչպես կարելի է առաջ շարժվել Սիրիայի հարցում։ Պետքարտուղարը ընդունել է, որ Ռուսաստանի ու ԱՄՆ-ի միջեւ հարաբերությունները հիմա ցածր մակարդակի վրա են»,- ասել է դիվանագետը, նշելով, որ Վաշինգտոնում հույս ունեն, որ սիրիական խնդրի շուրջ Մոսկվայի հետ շփումները կբարելավվեն։
«Բայց ես չէի ասի, որ նրանք որեւէ որոշակի ուղի են համաձայնեցրել, որը ուղղված կլիներ Սիրիայում գազանությունների դադարեցմանը կամ էլ թույլ կտար առաջ շարժվել ժնեւյան բանակցություններում»,- նշել է Ջոնսը, հավելելով, որ ԱՄՆ-ն աջակցում է բանակցությունները Ժնեւում ու կողմ է սիրիական հակամարտության քաղաքական կարգավորմանը։
Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Հեզեր Նաուերտը իր կողմից լրագրողներին հայտնել է, որ «երկկողմանի հանդիպման գլխավոր կետն է եղել Ռուսաստանին հորդորելը՝ օգտագործել իր ազդեցությունը ռեժիմի վրա»։



