Զարուհի Փոստանջյանի քայլը մենք դիտարկում ենք որպես խոչընդոտ ՀՀԿ գործունեությանը. Արմեն Աշոտյան
ՔԱՂԱՔԱԿԱՆԵրևանի ավագանու ընտրությունների ժամանակ ՀՀԿ֊-ն ծախսել է մոտ 96 միլիոն դրամ։ Past.am-ի փոխանցմամբ՝ այս մասին լրագրողներին ասաց Արմեն Աշոտյանը:
Հայտնենք, որ ՀՀԿ կենտրոնական շտաբում քիչ առաջ ավարտվեց կուսակցության փոխնախագահի ասուլիսը: Աշոտյանի խոսքով՝ արձանագրված որոշակի միջադեպերը չեն կարող ստվերել ընտրությունների որակը և ընթացքը:
«Ընտրությունները ձևով քաղաքական են, բովանդակությամբ՝ ոչ»,- ընդգծեց նա՝ հավելելով, որ մասնակցության ցածր թիվը ընտրությունների ապաքաղաքականացվածության վկայությունն է:
Անդրադառնալով Զարուհի Փոստանջյանի՝ ՀՀԿ շտաբ մուտք գործելուն՝ Աշոտյանն ասաց.
«Մուտք գործել ՀՀԿ շտաբեր՝ առանց բարոյական և իրավական իրավունքի, քաղաքացիական չէ: Եթե տիկին Զարուհին ուներ ահազանգեր, ինչպես մատուցում էր խնդիրը, ապա իրավական պետության ներսում պետք է անհապաղ զանգեր ոստիկանություն, հրավիրեր համապատասխան խումբ, որպեսզի գան այդ ահազանգի հետքերով և ուսումնասիրեն իրավիճակը շտաբում:
Չի կարելի բռնի կերպով մուտք գործել կուսակցության ենթաշտաբ, որովհետև դա հանրային տարածք չէ, կուսակցության կողմից իրավական հիմքերով վարձակալությամբ վերցված տարածք է, որտեղ նման տեսակի ներխուժումները մենք դիտում ենք որպես միջամտություն, խոչընդոտ ՀՀԿ գործունեությանը»:
Աշոտյանը ցավ հայտնեց, որ այդ միջադեպը ավարտվել է տիկին Փոստանջյանի դստեր առողջության վատթարացումով՝ վերջինիս մաղթելով առողջություն:



