Եթե կբերեք փաստ, որ այդ ընկերությունը պատկանում է փեսայիս, ուրեմն այդպես էլ կա. Վլադիմիր Գասպարյան
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆNews.am-ը գրում է.
ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը Երեւանի ավագանու ընտրություններին քվեարկել է հանուն կայունության: Նա, այսօր՝ մայիսի 14-ին, 9/21 ընտրական տեղամաս էր եկել առաջիններից մեկը: Քվեարկությունից հետո լրագրողների հարցին, թե ինչու է միշտ առաջինը մասնակցում, Վլադիմիր Գասպարյանը պատասխանեց. «Սովորություն է: Աշխատանքս սկսվում է այս ժամին, եւ բնական է, այստեղ եմ գալիս նոր գնում եմ աշխատանքի»:
Անդրադառնալով ընդդիմադիր ուժերի այն հայտարարություններին, որ այս օրերին ոստիկանները պետք է ՀՀԿ շտաբերի մոտ հերթապահեն, որպեսզի ընտրակաշառք չբաժանվի. Ոստիկանապետն արձագանքեց. «Բոլոր շտաբերի մոտ էլ ուշադիր ենք՝ սկսած Հանրապետականից, վերջացրած ծիրանի հա՞, «Երկիր Ծիրանիով»: Բոլոր տեղերում»:
Ինչ վերաբերում է մամուլում տեղ գտած հրապարակումներին, ըստ որի՝ ոստիկանության ավտոմեքենաների լվացման ծառայություն մատուցող «Յուտեկ Ավտո» ՍՊԸ-ն պատկանում է իր դստեր ամուսնուն՝ Սրթուր Գեւորգյանին, Վլադիմիր Գասպարյանը նշեց. «Այնքան բաներ են կապում, որ շատ ժամանակ իմաստ չունի ուղղակի դրա մասին խոսել, բացարձակապես ոչ մի կապ չկա: Եթե կբերեք փաստ, որ այդ ընկերությունը պատկանում է փեսայիս, ուրեմն այդպես էլ կա: Բամբասանքները չի կարելի մեկնաբանել: Աստված ձեզ օգնական»:



