Մարգարիտ Եսայանը չի բացառում, որ Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունը առաջիկայում կընդունի հայանպաստ հայտարարություններ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՖրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի հայաստանյան պատվիրակության ղեկավար Մարգարիտ Եսայանը չի բացառում, որ Երևանում կազմակերպության նախարարական վեհաժողովի ընթացքում ընդունվի նոր հայտարարություն ԼՂ հակամարտության կարգավորման, ինչպես նաև Հայոց ցեղասպանության դատապարտման վերաբերյալ: Ազգային ժողովում լրագրողների հետ հանդիպմանը Մարգարիտ Եսայանն ընդգծեց, որ ինքն էլ շատ է ցանկանում, որպեսզի լինեն նման հայտարարությունները: «Այս կազմակերպության ընդունած ցանկացած հայտարարություն շատ կարևոր է միջազգային հանրության, միջազգային կառույցների համար, ուստի ցանկալի կլինի, որպեսզի նման հայտարարություններ ընդունվեն: Ասեմ, որ օրակարգում կան բազմաթիվ հարցեր, որոնց վերաբերյալ կլինեն քննարկումներ և զեկույցներ, և չի կարելի բացառել, որ լինեն նաև նման հայտարարություններ»,- ընդգծեց Եսայանը:
Մարգարիտ Եսայանը հիշեցրեց, որ նախկինում Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունն ընդունել է ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման վերաբերյալ երկու շատ կարևոր հայտարարություն, որոնք բխում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների բանակցային գործունեության քաղաքականության տրամաբանությունից: Պատգամավորը հույս հայտնեց, որ կլինեն նման հայտարարություններ, ինչը կլինի Հայաստանի փոքրիկ և համեստ հաղթանակը:



