Գեղարքունիքում անձրեւները դանդաղեցնում են կարտոֆիլի բերքահավաքը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԳեղարքունիքի մարզի տնտեսություններում արդեն մեկ շաբաթ է, ինչ սկսվել է կարտոֆիլի բերքահավաքը, որը, սակայն, ձգձգվում է եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով: Ինչպես տեղկացրեց Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության պետ Վանիկ Հովհաննիսյանը, հոկտ եմբերի 8-ի դրությամբ մարզում մոտ 15 հազար հեկտար կարտոֆիլի ցանքերից բերքը հավաքված է կիսով չափ: Հեկտարի միջին բերքատվությունը կազմում է 25 տոննա:
«Վերջին մի քանի օրերի ընթացքում տեղացող հորդ անձրեւները տնտեսություններին հնարավորություն չեն տալիս ժամանակին հավաքել իրենց բերքը: Եղանակային պայմանները բարելավվելուն պես կարտոֆիլի բերքահավաքը նոր թափ կառնի, կհավաքվի նաեւ բերքի մնացած մասը: Բերքը տեղում իրացվում է 110-130 դրամով»,-նշեց վարչության պետը:
Կարտոֆիլի բերքահավաքը ժամանակին ավարտելու համար առավել մտահոգ են Շատվան եւ Տրետուք համայնքներում, որտեղ անցած տարի ձյան տակ մնաց ու ոչնչացավ մոտ 2 հարյուր հեկտար կարտոֆիլի բերք: «Այս տարի ունենք 190 հեկտար կարտոֆիլի ցանք, որից 100 հեկտարն արդեն հասցրել ենք քանդել ու հավաքել: Մարդիկ անգամ եղանակային անբարենպաստ պայմաններում գերադասում են կանգ չառնել, որպեսզի չկրկնեն նախորդ տարվա տխուր պատմությունը` տասնյակ հեկտարների բերքը թողնելով ձյան տակ»,-նշեց Շատվանի գյուղապետ Լյովա Աբրահամյանը:



