Կոլումբիացի ապստամբները 8 պատանդի ազատել են
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԿոլումբիայի նախագահ Խուան Մանուել Սանտոսը հայտնել է Ազգային ազատագրության բանակի կողմից 8 պատանդների ազատելու մասին, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Իրավապահ մարմինների ճնշման ներքո Չոկո դեպարտամենտում՝ Նովիտայում 8 պատանդների ազատել են: Հիմա նրանք մեր զորքերի հետ են»,- Twitter-ի իր միկրոբլոգում գրել է Սանտոսը:
Ազգային ազատագրության բանակը, որը հարավամերիկյան երկրում ապստամբների թվով երկրորդ խմբավորումն է, փետրվարից կառավարության հետ խաղաղություն հաստատելու բանակցություններ է վարում, որոնք ընթանում են Էկվադորի մայրաքաղաք Կիտոյում: Փորձագետները դժվարանում են ասել, թե մինչեւ համաձայնագիր կնքելը դրանք որքան կտեւեն:
Ապրիլին Ազգային ազատագրության բանակից հայտարարել էին գերությունից Ռուսաստանի քաղաքացի Արսեն Ոսկանյանի փախուստի մասին, որին իբր նույնպես պատրաստվում էին ազատել, սակայն տեղափոխելիս նա հսկիչի զենքը խլել է եւ վիրավորել 5 ուղեկցորդների: Դրանից հետո փախել է, նրա ճակատագրի մասին առայժմ ոչինչ հայտնի չէ:



