Ինչ նկատի ուներ Լավրովը
ՔԱՂԱՔԱԿԱՆՀայաստանում Ռուսաստանի դեսպան Իվան Վոլինկինն այսօր Հաղթանակ զբոսայգում Lragir.am-ի հարցին ի պատասխան խուսափեց ասել, թե ինչ նկատի ուներ ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը, երբ հայտարարեց, որ հարկ եղած դեպքում Գյումրիում տեղակայված ռուսական ռազմաբազան կպայքարի Իսլամական պետության դեմ:
«Ես կարծում եմ, որ նախարարին դա ավելի տեսանելի է, քան դեսպանին: Իսկ ընդհանրապես ռուսական բազան Հայաստանում է այն բանի համար, որպեսզի ապահովի Հայաստանի անվտանգությունը: Միաժամանակ, այլ խնդիրներ լուծելու համար մենք ունենք համատեղ խմբավորում», նշեց Վոլինկինը:
Հարցին, թե ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն ասել է, թե Գյումրիի ռուսական ռազմաբազան կարող է ընդլայնվել, դեսպանը պատասխանեց. «Չգիտեմ, եթե լինի ինչ-որ ընդլայնում, ապա այն, հավանաբար, կհիմնվի երկկողմ ինչ-որ պայմանավորվածությունների վրա: Միակողմանի ոչ մի ընդլայնում չի լինի, ես դրանում վստահ եմ»:
Ինչ վերաբերում է տեղեկություններին, որ երկրորդ ռուսական ռազմաբազան կարող է տեղակայվել Հայաստանում, դեսպանն ասաց, որ ինքն այդ մասին չի լսել:



