Գեղարքունիքում հոգեկան խնդիրներ ունեցող ամուսինը սպանել է կնոջը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԳեղարքունիքի մարզի Ծովասար գյուղում հոգեկան առողջական խնդիրներ ունեցող տղամարդը բանալիներով հարվածներ հասցնելով, նախնական տվյալներով, սպանել է միջին տարիքի կնոջը:
Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Ծովասարի համայնքապետ Արտաշես Մխիթարյանը:
«Նման դեպք գրանցվել է: Ենթադրյալ սպանությունը կատարող անձը Ծովասար գյուղի բնակիչ է, այստեղ է ապրում, պարզապես Ռուսաստանի Դաշնության քաղաքացիություն ունի: Նշված անձը հոգեկան խնդիրներ ունի»,-ասաց Մխիթարյանը:
Հարցին, թե կինը նույնպե՞ս Ծովասարի բնակիչ էր, համայնքապետը դրական պատասխան տվեց. «Նա ևս մեր համայնքի բնակիչ էր, ապրում էր ընտանիքի անդամների հետ, և երկու չափահաս երեխա ուներ»: Համայնքապետը նաև հավելեց, որ տղամարդը մահացած կնոջ ամուսինն է եղել:
Համայնքապետի տեղեկություններով՝ անձը հաշվառված է եղել հոգեբուժարանում և բուժում է ստացել:



