Իսպանիայում ավտոմեքենան մխրճվել է հեծանվորդների խմբի մեջ, երկու մարդ զոհվել է
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԵրկու հեծանվորդ զոհվել է, եւս երեքը ծանր վնասվածքներ ստացել իսպանական Վալենսիայում, երբ մարզիկների խմբի մեջ է մխրճվել ավտոմեքենան, հայտնում է Confidencial պարբերականը:
Պարբերականի տեղեկություններով՝ պատահարը տեղի է ունեցել Օլիվա եւ Դենիա բնակավայրերի միջեւ՝ N-332 մայրուղու 205-րդ կիլոմետրին: Մարդատար ավտոմեքենայի կին վարորդը մխրճվել է 6 հեծանվորդների խմբի մեջ, ինչի հետեւանքով նրանցից երկուսը զոհվել են: Մարզիկներից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է, եւս երկուսը ծանր վնասվածքներ են ստացել:
Հաղորդվում է, որ տուժողներից մեկին ծանր վիճակում շտապ օգնության ուղղաթիռով տեղափոխել են Վալենսիայի հիվանդանոց, մյուս երկուսին՝ մոտակա կլինիկաներ:
Անալիզի արդյունքներով 28-ամյա կնոջ արյան մեջ, որը վարել է ավտոմեքենան, ալկոհոլի եւ թմրանյութերի հետքեր են հայտնաբերվել: Պարբերականի աղբյուրների տեղեկացմամբ՝ նա նախկինում մի քանի անգամ դատված է եղել:
Պատահարի մեղավորը ձերբակալվել է չկանխամտածված սպանության կասկածանքով:



