Ֆրանսուա Օլանդը քվեարկել է նախագահական ընտրություններում
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՖրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը Ֆրանսիայի նախագահական ընտրությունների երկրորդ փուլում քվեարկել է ընտրական տեղամասերի բացումից հետո 2 ժամ անց, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Երկրի հեռացող նախագահը ընտրական տեղամաս է եկել բարձր տրամադրությամբ, հաճույքով շփվել է հավաքված ընտրողների հետ, նաեւ լուսանկարիչների առջեւ կեցվածք է ընդունել: Երբ Օլանդը քվեախցիկից դուրս է եկել, կանանցից մեկը նրան ծաղիկ է նվիրել, որը նա փոխանցել է ուղեկցողներից մեկին:
Ըստ ավանդույթի՝ Օլանդը քվեաթերթիկը քվեատուփ է գցում երկրի հարավ-արեւմուտքում գտնվող Տյուլ քաղաքում: Նա Տյուլի քաղաքապետն է եղել 2001-ից 2008 թվականներին:
2016 թվականի դեկտեմբերի 1-ին Օլանդը հայտարարել էր, որ մտադիր չէ իր թեկնածությունն առաջադրել Սոցիալիստական կուսակցության փրայմերեզին: 1958 թվականին Հինգերորդ հանրապետության հիմնադրումից ի վեր առաջին անգամ Ֆրանսիայի նախագահը հրաժարվել է պաշտոնավարման ժամկետը երկարացնելուց:



