Սահմանամերձ 15 համայնքներում դասագրքերի վարձերը 70%-ով զեղչվել են. Արմեն Աշոտյան
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀՀ սահմանամերձ մի շարք համայնքներում լուծված խնդիրերին զուգահեռ մի շարք չլուծված խնդիրներ էլ կան. մի քանի համայնքներում այցելությունից հետո նման եզրահանգման է եկել ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանը: Այսօր նա ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ, մասնավորապես բարձրաձայնեց Տավուշի մարզի Բերքաբեր համայնքում իրեն փոխանցած խնդիրների մասին:
«Համայնքի միջնակարգ դպրոցում, որտեղ 375 աշակերտ կա, դասագրքերի հետ կապված խնդիր կա: Գիտենք, որ դասագրքերը վաճառվում են, սակայն այդ համայնքում դժվար են վճարում, քանի որ սոցիալական վիճակը վատ է, գյուղատնտեսությունը ակտիվ չի զարգանում, քանի որ դաշտերն ու այգիները կրակահերթի տակ է, արդյո՞ք հնարավոր չէ այդ գյուղում այդ հարցը կարգավորել»,-ասաց նա:
Հարցին պատասխանեց ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը, ով տեղեկացրեց, որ սահմանամերձ 15 համայնքների դպրոցներում դասագրքերի վարձերը 70%-ով զեղչվել են, այդ թվում նաև Բերքաբեր համայնքում:
Նախարարը նշեց, որ լրացուցիչ հաշվարկ պետք է անեն: «Ցավոք նման քայլեր բոլոր սահմանամերձ համայնքներում չենք կարող անել, բայց, անպայման, հաշվարկների հիման վրա, կփորձենք լուծում գտնել»,- ասաց նա:
Արմեն Աշոտյանը նաև տեղեկացրեց, թե մեկ աշակերտը 6000 դրամ է ծախսում տարեկան այդ դասագրքերի փաթեթի համար, որը ծածկում է նաև այդ դպրոցներում նոր ուսումնական գույքի և համակարգիչների հետ կապված ծախսերը:
Նախարարը նաև նշեց այն ծրագրերից, որոնք արվում են սահմանամերձ գյուղերի ուսանողների համար, մասնավորապես առաջին կուրսի ուսանողների վարձը պետությունը փոխհատուցում է, իսկ բաձր կուրսերի լավ սովորող ուսանողների դեպքում 20%-ով զեղչվում է:



