Հայաստանը ցանկանում է շարունակել ԱՄՀ բյուջետային աջակցության ծրագիրը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱրժույթի միջազգային հիմնադրամի կողմից Հայաստանին բյուջետային աջակցության միջոցների վարկային ծրագիրն այս տարի ավարտվում է, բայց Հայաստանի կառավարությունը ցանկանում է այն շարունակել: Այդ մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց Ֆինանսների նախարար Վարդան Արամյանը:
«Մենք մեր գործընկերների մոտ բարձրաձայնել ենք մեր ցանկությունների մասին, որ հետագայում ԱՄՀ-ի հետ ցանկանալու ենք ունենալ նոր ծրագիր: Ինչո՞ւ, որովհետև այստեղ ոչ միայն կարևոր է այդ գումարը, որը գալիս է ուղիղ Կենտրոնական բանկ և համալրում է մեր արտաքին ռեզերվները, ուժեղացնում դիրքերը, եթե հանկարծ արժույթի շուկայում կլինեն ցնցումներ, այլ նաև ԱՄՀ հետ ունենում ենք բարեփոխումների տեսլական ու օրակարգ: Այդ ծրագիրը խարիսխ է մեր հետագա գործողությունների համար»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց րամյանը:
Նրա խոսքով, կարևոր է նաև, որ ՀՀ կառավարությունն ԱՄՀ-ի հետ ունենում է մակրոտնտեսական կանխատեսումների համատեղ ծրագիր, ուրվագծում, թե ինչ պետք է անել, որպեսզի միջնաժամկետում ունենանք կայուն տնտեսական միջավայր, որը ներդրումների համար առաջին նախապայմանն է:
Միաժամանակ, նախարարը նշեց, որ կառավարությունը ԱՄՀ-ի հետ նոր ծրագրին կանդրադառնա սեպտեմբերին:



