Հայաստանյան տնտեսավարողների համար միջազգային բեռնափոխադրման ծախսը զգալիորեն կկրճատվի
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԿառավարությունը հավանություն տվեց «Կաբոտաժային փոխադրումների ազատականացման փուլային ծրագրի» պահանջներն ապահովելու նպատակով նախկինում ընդունված որոշումներից մեկում փոփոխությունների նախագծին:
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը նշեց, որ ներկայում ՀՀ և այլ պետությունների միջև տրանսպորտի բնագավառում կնքված միջազգային համաձայնագրերի պահանջներին համապատասխան ՀՀ-ում և այլ պետություններում ավտոմոբիլային տրանսպորտով կաբոտաժային բեռնափոխադրումներն արգելվում են:
«Սակայն 2015թ. հունվարի 1-ից ՀՀ ԵԱՏՄ-ին անդամակցելուց հետո տրանսպորտի բնագավառի քաղաքականության հիմնական ուղղություններից մեկը համարվում է անդամ պետությունների տարածքում կաբոտաժային փոխադրումների ազատականացումը: Որոշմամբ կանոնակարգվելու են ԵԱՏՄ անդամ-պետություններում հաշվառված միջպետական բեռնափոխադրողների կողմից ՀՀ տարածքում կաբոտաժային փոխադրումները»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ,- ասաց Մարտիրոսյանը:
Բացի այդ, ՀՀ-ում հաշվառված բեռնափոխադրողները միջպետական բեռնափոխադրում կատարելուց հետո անդամ-պետության տարածքում կարող են իրականացնել մեկ կաբոտաժային բեռնափոխադրում:
Նախարարի խոսքով, այն հնարավորություն կտա զգալիորեն կրճատել միջազգային բեռնափոխադրման ծախսը և կհանդիսանա լրացուցիչ եկամտի աղբյուր հայ բեռնափոխադրողի համար: Արդյունքում` հայ բեռնափոխադրողները տվյալ բնագավառում կկատարեն ներդրումներ, ինչը կնպաստի տրանսպորտային պարկի թարմացմանը, միջպետական բեռնափոխադրումների զարգացմանը:



