ՀՀ ԱԻՆ և Ֆլեթչերի դիվանագիտության և իրավունքի դպրոցը կարող են համատեղ կրթական ծրագրեր իրականացնել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանը մայիսի 3-ին ընդունեց «Տավիթյան» հիմնադրամի նախագահ, բարերար Ասո Տավիթյանի և Ֆլեթչերի դիվանագիտության և իրավունքի դպրոցի դեկան Ջեյմս Ստավրիդիսի ղեկավարած պատվիրակությանը: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից:
Հանդիպման ընթացքում նախարարը ներկայացրեց ՀՀ ԱԻՆ կառուցվածքը, գործառույթներն ու ընդհանուր գործունեությունն աղետների ռիսկերի նվազեցման, մարդածին և բնական աղետներին բնակչության պատրաստվածության և դիմակայունության ոլորտում:
Քննարկվեցին «Տավիթյան» հիմնադրամի միջոցով ԱԻՆ, նախարարության Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի և Ֆլեթչերի դիվանագիտության և իրավունքի դպրոցի միջև կրթական ծրագրերի իրականացման հնարավորություններն ու հեռանկարները: Կողմերը նախնական պայմանավորվածություն ձեռքբերեցին նաև ակադեմիայում դասավանդող դասախոսական կազմի և նախարարության աշխատակիցների վերապատրաստման հնարավորությունների շուրջ:
Հանդիպման ավարտին հյուրերն այցելեցին ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն, որտեղ ծանոթացան կենտրոնի տեխնիկական հագեցվածությանը, գործառույթներին և «911» ծառայության գործունեությանը:



