Կառավարությունը կքննարկի 2017-2019 թվականների մարդու իրավունքների պաշտպանության ծրագիրը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ2017-2019 թվականների մարդու իրավունքների պաշտպանության ծրագիրն առաջիկա օրերին կներկայացվի կառավարության քննարկմանը: Այս մասին «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում նշեց ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արթուր Հովհաննիսյանը: Նրա տեղեկացմամբ, Արդարադատության նախարարությունը հանձն էր առել ծրագրի իրականացումը: Այն հավանության է արժանացել ՀՀ կառավարության պետաիրվական կոմիտեում:
«Այս ծրագիրը Մարդու իրավունքների պաշտպանության 2014-2016 ծրագրի տրամաբանական շարունակությունն է: Այն բաղկացած է 96 միջոցառումից: Միջոցառումները հիմնականում ուղղված են մարդու քաղաքացիական և քաղաքական իրավունքների պաշտպանությանը, կյանքի իրավունքին, խոսքի ազատությանը, կրոնի ազատությանը և այլն: Միջոցառումների հաջորդ խումբը վերաբերում է խոցելի խմբերի` հաշմանդամություն ունեցող անձինք, անչափահասներ, ազգային փոքրամասնություններ և այլն, իրավունքների պաշտպանությանը»,-ասաց նա:
Նախագիծը մշակվել է` հաշվի առնելով բոլոր շահագրգիռ մարմինների դիտողությունները, առաջարկությունները: Ծրագրի նախագիծը նաև դրվել է հանրային քննարկման, և 300 առաջարկություն են ստացվել քաղաքացիներից մարդու իրավունքների հարցերով զբաղվող կազմակերպություններից: Դրանք ամփոփվել են և դրանց մի մասի հիման վրա ծրագիր լրամշակվել է:



