Երկրորդ նախագահի համեմատությունն աղերս չունի իրականության հետ. Լեռնիկ Ալեքսանյան
ՔԱՂԱՔԱԿԱՆ
Նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանն իր հարցազրույցում ասել է, որ նոր Սահմանադրության նախագիծը գերազանցեց իր վատագույն սպասելիքնենրը:
Ըստ նրա՝ նախագիծն իր մեջ էական ռիսկեր է պարունակում, որ երկիրը կգլորվի դե ֆակտո միակուսակցական համակարգ: Անդրադառնալով Ռոբերտ Քոչարյանի հայտարարություններին՝ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Լեռնիկ Ալեքսանյանը Past.am-ի հետ զրույցում նշեց. «Քոչարյանի՝ Սահմանադրության հետ կապված վերաբերմունքը սպասելի էր, ինքը հայտնել էր, որ դեմ է: Բայց նրա համեմատությունները չեն համապատասխանում իրականությանը: Նա օրինակ է բերում ԽՍՀՄ Սահմանադրության 6-րդ հոդվածը, որն օրինականացնում էր կոմունիստների քաղաքական մենաշնորհը:
Մենք այդպիսի կետ չունենք, հակառակը՝ այս Սահմանադրությունը հնարավորություն է տալիս կոալիցիա կազմելու: Այս փոփոխությունները նպաստավոր պայմաններ են ստեղծում տարբեր քաղաքական ուժերի դերակատարման մեծացմանը: Կարծում եմ՝ երկրորդ նախագահի համեմատությունն աղերս չունի իրականության հետ»:
Իշխանության վերարտադրության մասին Ալեքսանյանն ասաց. «Պետք է արտադրություն լինի, որ վերարտադրություն լինի»:
Մեկնաբանելով «Ոչ»-ի ճակատի գործունեությունը՝ մեր զրուցակիցն ասաց, որ նրանք փորձում են շահարկել տնտեսական ծանր պայմաններից դժգոհ ժողովրդի բողոքը և ուղղորդել դեպի սահմանադրական փոփոխություններ: Ըստ իշխող կուսակցության ներկայցուցչի՝ Երևանում և Գյումրիում երևաց, որ հավատ ընդդիմության նկատմամբ առանձնապես չկա:
«Ընդդիմությունն իր մեջ չի լուծել այն խնդիրը, թե ինչ ծրագրեր և ասելիք ունի: Հենց այնպես «ոչ» ասելով չի լինի»,- եզրափակեց Լեռնիկ Ալեքսանյանը:
Լևոն Փանոսյան




















































