Փարիզի ոստիկանությունն արցունքաբեր գազ է կիրառել ցուցարար դպրոցականների դեմ
ՎԻԴԵՈ
Ապրիլի 27-ին Փարիզի դպրոցականներն ու լիցեյների սաները չարտոնված երթ են անցկացրել` բողոքելով Ֆրանսիայի նախագահի երկու թեկնածուների դեմ: Ականատեսների խոսքով` դեռահասներին ուղեկցող ոստիկանները հատուկ միջոցներ են ձեռնարկել ամբոխը զսպելու համար: Այնուհետև ցուցարարները շշեր և աղբ են նետել ոստիկանների վրա, և վերջիններս արցունքաբեր գազ են կիրառել նրանց դեմ:
Sputnik France-ի հաղորդմամբ` բողոքի ակցիայի մասնակիցներն ամբողջությամբ կամ մասնակիորեն արգելափակել են մի քանի ուսումնական հաստատություն: Այնուհետև դեռահասները սկսել են շարժվել Հանրապետության հրապարակի ուղղությամբ:
Ավելի վաղ հայտնի է դարձել, որ Փարիզում առնվազն մի քանի հարյուր դպրոցական բողոքի ցույցի է դուրս եկել Ֆրանսիայի նախագահի թեկնածուներ «Առաջ» շարժման առաջնորդ Էմանուել Մակրոնի և «Ազգային ճակատ» կուսակցության առաջնորդ Մարին լը Պենի դեմ: Այս թեկնածուները կմրցեն մայիսի 7-ին կայանալիք նախագահական ընտրությունների երկրորդ փուլում։




















































