Ողբերգական դեպք Վայոց Ձորի մարզում. գազալցակայանում լիցքավորվող ավտոմեքենայի գազաբալոնը պայթել է. կա 1 զոհ, 2 վիրավոր
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆShamshyan.com-ը գրում է.
Քիչ առաջ արտակարգ ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Վայոց Ձորի մարզում: Ժամը 16:50-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի Արփի գյուղի վարչական տարածքում գործող գազալցակայանում պայթյուն է տեղի ունեցել:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պայթել է գազալցակայանում լիցքավորվող Չերի մակնիշի 35 DC 781 համարանիշի ավտոմեքենայի գազաբալոնը: Պայթյունի հետևանքով գազալցակայանի լիցքավորող, Վայոց ձորի մարզի Աղավնաձոր գյուղի բնակիչ Արման Կարապետյանը տեղում մահացել է, իսկ 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Եղեգնաձորի բժշկական կենտրոն:
Դեպքի վայր է ժամանել ոստիկանության Եղեգնաձորի բաժնի օպերատիվ խումբը՝ քրեական հետախուզության բաժանմունքի պետ Հրազդան Կոստանյանի գլխավորությամբ: Այս պահին տեղում աշխատում է Հայաստանի քննչական կոմիտեի Վայոց Ձորի մարզային քննչական վարչության Եղեգնաձորի քննչական բաժնի խումբը՝ քննիչ Հովհաննես Մարգարյանի գլխավորությամբ:
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի և վիրավորների ամբողջական տվյալները: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:



