Թուրքիայի ազգայնական կուսակցության շարքերը շարունակում են նոսրանալ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԹուրքիայի «Ազգայնական շարժում» կուսակցության (ԱՇԿ) անդամները հանրաքվեի արդյունքների հրապարակումից հետո շարունակում են լքել կուսակցության շարքերը: Թուրքական «Ջումհուրիեթ» պարբերականը հայտնում է, որ կուսակցությունից հեռանալու մասին դիմումները գլխավոր խորհրդին են ներկա յացրել Թամեր Աքքալը և Էնգին Քաբադաղը:
Նրանք հայտարարել են, որ կուսակցությունից հեռանալու մասին որոշում են կայացրել, քանի որ ԱՇԿ քաղաքականությունը սկսել է հակասել այն սկզբունքներին, որոնց նրանք ի սկզբանե հետևել են:
Ապրիլի 17-ին նման որոշումներ էին կայացրել ԱՇԿ ևս երեք անդամներ:
«Ազգայնական շարժում» կուսակցությունը Թուրքիայում սահմանադրական փոփոխությունների շրջանակում սկսեց համագործակցությունն իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության հետ: Այս համագործակցությունը դժգոհություն առաջացրեց կուսակցության շարքերում: Մի քանի պատգամավորներ որոշում կայացրեցին լքել ԱՇԿ շարքերը:



