«Իմ երկիրը» խորագրով երիտասարդական փառատոն է կազմակերպվել Մոսկվայում
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՄոսկվայի Ավտոճանապարհային պետական տեխնիկական համալսարանում /МАДИ/ ապրիլի 13-ին անցկացվեց «Իմ երկիրը» խորագրով ավանդական երիտասարդական փառատոնը: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից:
Միջոցառման սկզբում տեղի ունեցավ ԲՈՒՀ-ի ռեկտոր Վ. Նիցևվիչի հանդիպումը դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչների հետ, որի ընթացքում ռեկտորը ներկայացրեց համալսարանի համագործակցությունը տարբեր գերատեսչությունների և դեսպանությունների հետ:
Ողջույնի խոսքով հանդես եկավ ՌԴ ԴԺ Պետական դումայի Ազգությունների հարցերով կոմիտեի նախագահ Ի.Գիլմուտդինովը:
Փառատոնի հանդիսավոր մասը շարունակվեց շնորհակալագրերի հանձնման արարողությամբ: Մի շարք երկրներին, այդ թվում` Հայաստանին, համալսարանի ռեկտորի կողմից հանձնվեցին շնորհակալագրեր` ազգային կադրերի պատրաստման գործում արդյունավետ համագործակցության համար:
Միջոցառումն ավարտվեց տոնական համերգով։ Հանդես եկան համալսարանի լավագույն ուսանողական կոլեկտիվները` վոկալ և պարային համարներով։ Մեծ ոգևորությամբ ընդունվեց համալսարանի հայ ուսանողների ընկերակցության ելույթները, մասնավորապես՝ «Դլե յաման» և «Արարատը մերն է» երգերն ու շուրջպարը:



