Ռուսաստանը մոտ 1․5 մլրդ դոլար է կորցրել Թուրքիայի հետ առեւտրային պատերազմի պատճառով
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՌուսաստանը 1․3-ից 1․5 մլրդ դոլար է կորցրել Թուրքիա հացահատիկի մատակարարումների տուրքերի պատճառով, որոնք սահմանվել են Ռուսաստան թուրքական լոլիկի ներմուծման արգելքին ի պատասխան։ Այս մասին ասվում է այն հաշվետվության մեջ, որը նախապատրաստել են Հայդարի ինստիտուտի ու Ռուսաստանի ժողտնտեսության ու պետծառայության ակադեմիայի փորձագետները, փոխանցում է Meduza–ն։
Փորձագետների գնահատականով, Թուրքիայի հետ առեւտրային պատերազմը Ռուսաստանի լոլիկ արտադրողների համար ազատում է կես միլիարդ դոլարի շուկայական խորշ։ «Խնդիրն այն է, արդյոք ռուս արտադրողները կկարողանան այն գրավել այնպիսի գնով, որը կբավարարի գնորդներին»,- ասվում է զեկույցում։
Փորձագետները փաստել են, որ ռուսական էմբարգոն առաջացրել է լոլիկի գների աճ, հայրենական լոլիկը զգալիորեն թանկ է ներմուծվողից։
Ռուսաստանը Թուրքիայի դեմ պարենամթերային էմբարգո էր սահմանել այն բանից հետո, երբ 2015-ի նոյեմբերին թուրքական կործանիչները խոցել են ռուսական «Սու 24» ռմբակոծիչը, որը մարտական առաջադրանք էր կատարում Սիրիայում։ 2016-ի ամռանը Ռուսաստանը սկսել է չեղարկել պատժամիջոցները, սակայն որոշ ապրանքների, այդ թվում լոլիկի մատակարարումները դեռ արգելված են։



