Հնդկաստանում բարեհաջող վիրահատել են 8 վերջույթով ծնված իրաքցի փոքրիկին
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀնդկաստանում բժիշկները բարեհաջող վիրահատել են յոթ ամսական իրաքցի երեխային, որը ծնվել է ութ վերջույթով: Այս մասին հայտնում է Hindu գործակալությունը:
Աղբյուրի հաղորդմամբ` բուժումն անցկացվել է Ուտար Պրադեշ նահանգի Նոիդա քաղաքում գտնվող Ջայպի հիվանդանոցում: Հայտնի է, որ Կարամ անունով երեխան տառապել է պոլիմելիա հիվանդությունից: Նրա բուժումն իրականացվել է երեք փուլով. սկզբից հեռացվել են ավելորդ ոտքերը, այնուհետև բժիշկները վիրահատել են նրա սրտանոթային համակարգը` սրտի բնականոն աշխատանքն ու մարմնի արյան մատակարարումն ապահովելու համար, ինչից հետո հեռացվել են ավելորդ ձեռքերը:
Նշվում է, որ բժիշկները ոչ միայն հեռացրել են երեխայի ավելորդ օրգանները, այլ նաև ուղղել հիվանդության հետևանքով առաջացած ֆիզիոլոգիական թերությունները. նրանք ուղղել են տղայի ոտքերը, կեցվածքը, ինչպես նաև հեռացված ոտքերի մկանները փոխպատվաստել թերզարգացած ձախ ոտքի մեջ:
Բուժման առաջին փուլից հետո դադար է արվել, և Կարամն ուղարկվել է Իրաք: Ընդ որում՝ բժիշկներն անընդհատ կապ են պահպանել երեխայի ընտանիքի հետ և խնամքի համար անհրաժեշտ հրահանգներ տվել նրանց: Վիրահատության երրորդ փուլը տևել է ութ ժամ և անցել առանց որևէ խնդրի:
Բժիշկների խոսքով` վիրահատությունից հետո Կարամն արագ է ապաքինվում և արդեն երկուշաբթի կկարողանա վերադառնալ Իրաք:



