Վահրամ Բաղդասարյանն արդյունավետ է համարում 5-րդ գումարման Ազգային ժողովի աշխատանքը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱզգային ժողովի Հանրապետական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը կարծում է, որ հինգերորդ գումարման Ազգային ժողովն արդյունավետ է աշխատել: «Ես ցանկանում եմ շնորհակալություն հայտնել իմ գործընկերներին, քաղաքական ուժերին համատեղ ու արդյունավետ աշխատանքի համար: Մենք միասին ընդունել ենք 1020 օրենք և 190 միջազգային պայմանագիր: Մենք համատեղ աշխատանքի արդյունքում բազմաթիվ կարևոր օրենքներ ենք ընդունել՝ սահմանադրական բարեփոխումներ, Հարկային օրենսգիրք, Ընտրական օրենսգիրք, Ազգային ժողովի կանոնակարգ-օրենք և այլն»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Վահրամ Բաղդասարյանը:
ՀՀԿ խմբակցության ղեկավարը շնորհավորեց նաև այն քաղաքական ուժերին, որոնք ապրիլի 2-ին կայացած ընտրությունների արդյունքներով հայտնվել են խորհրդարանում: «Համոզված եմ, որ մեր համագործակցությունն արդյունավետ է լինելու: Կարծում եմ, որ մենք կկարողանանք նաև արդյունավետ համագործակցել արտախորհրդարանական քաղաքական ուժերի հետ»,- ասաց պատգամավորը:
Նա նաև համոզվածություն հայտնեց, որ 6-րդ գումարման Ազգային ժողովը նոր էջ կբացի Հայաստանի պատմության մեջ, քանի որ առաջին անգամ նորանկախ Հայաստանն անցել է կառավարման խորհրդարանական համակարգի:



