ՄԱԿ-ի ՓԳՀԳ-ն Եվրամիությանը կոչ է անում փախստականներին Հունգարիա չուղարկել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակը (ՓԳՀԳ) Եվրամիության երկրներին կոչ է արել կասեցնել Հունգարիա ապաստան հայցողների փոխանցման կամ վերադարձի մասին բոլոր որոշումները:
Գրասենյակը մտահոգություն է հայտնել, որ այդ երկրում պատերազմից եւ բռնությունից փախած մարդկանց տեղավորում են փշալարերով պատված տրանսպորտային կոնտեյներներում: Ապրիլի 7-ի դրությամբ նման պայմաններում 110 մարդ է պահվել, այդ թվում՝ երեխաներ:
Գերագույն հանձնակատար Ֆիլիպո Գրանդին կոչ է արել հասնել Հունգարիայում ապաստան ստանալու գործընթացի դյուրացման:
Ներկայում Հունգարիան մի շարք միջոցառումներ է ձեռնարկել որոնք սահմանափակում են ապաստան հայցողների հնարավորությունները եւ խաթարում այդ կատեգորիայի մարդկանց պաշտպանության միջազգային համակարգը:
Գերագույն հանձնակատարը Հունգարիայի իշխանություններին կոչ է արել վճռական միջոցներ ձեռնարկել՝ պետական կառույցների ներկայացուցիչների կողմից փախստականների եւ միգրանտների նկատմամբ բռնությունը կանխելու համար:



