Արմեն Մարտիրոսյանը նորընտիր խորհրդարանում ընդդիմության դերում տեսնում է «Ծառուկյան» դաշինքը
ՔԱՂԱՔԱԿԱՆՆորընտիր խորհրդարանում ընդդիմության դերը կարող է ստանձնել «Ծառուկյան» դաշինքը: Ապրիլի 5-ին լրագրողների հետ հանդիպմանը նման կարծիք հայտնեց «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը: «Իմ անձնական կարծիքով խորհրդարան անցած ուժերից «Ծառուկյան» դաշինքը կարող է խորհրդարանում ընդդիմության դերը ստանձնել և հանդես գալ հանրության շահերի պաշտպանության տեսակյունից»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` նշեց Մարտիրոսյանը:
Նա միևնույն ժամանակ մտահոգություն հայտնեց, որ իշխանությունը կարող է աշխատել «Ծառուկյան» դաշինքի առանձին պատգամավորների հետ և այդ եղանակով քանդել դաշինքը:
«Ժառանգություն» կուսակցության անդամ Հովսեփ Խուրշուդյանն էլ նկատեց, որ դասական իմաստով բոլոր այն քաղաքական ուժերը, որոնք հայտարարում են ընդդիմություն լինելու մասին, ընդդիմություն են, սակայն այլ հարց է, թե հետագայում նրանք ինչպիսի գործունեություն են ծավալում: Նրա գնահատմամբ` ընտրությունների արդյունքներով խորհրդարան անցած բոլոր քաղաքական ուժերը պատասխանատու են ձևավորված համակարգի համար:



