Չինացին մեկ տարում ավելի քան 15 000 խաղալիք է շահել խաղային սարքերով
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՉինաստանի բնակիչ Չեն Ժիտոնգը մեկ տարում ավելի քան 15 000 խաղալիք է շահել հատուկ մեքենաներով խաղալիս:
Ինչպես հայտնում է Oddity Central-ը, չինացին կարծես թե յուրացրել է խաղալիք շահելու սարքերի գաղտնիքը: Երբ Սիամեն քաղաքի բնակչի մասին լուրերը տարածվեցին չինական մամուլում մոտ մեկ տարի առաջ, նա արդեն հասցրել էր 3000 խաղալիք ստանալ խաղային սարքերից: Շատերին դա չի հաջողվում անել անգամ ողջ կյանքի ընթացքում:
Մեկ տարի անց նրա շահած խաղալիքների թիվը գերազանցել է 15 000-ը: Առաջին անգամ նա սկսել է խաղալ առևտրի կենտրոնում գտնվելիս`ժամանակ սպանելու համար:
35-ամյա IT-մասնագետը նշում է, որ նմանատիպ սարքերի երկու տեսակ կա. մեկն իսկապես հնարավորություն է տալիս շահելու, մյուս տեսակն այնպես է ծրագրավորված, որ հաղթել չլինի, ինչքան էլ հմուտ լինես:
Չինացին որոշել է իր հավաքած խաղալիքները բաժանել դրանց կարիքն ունեցողներին: Նա արդեն 1000 խաղալիք է նվիրաբերել խուլ ու համրերի դպրոցի սաներին:



