Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների ՄԱԿ կոմիտեի նստաշրջանում ներկայացվել է Հայաստանի զեկույցը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Վիգեն Քոչարյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 29-30-ին Ժնևում, Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների ՄԱԿ կոմիտեի 17-րդ նստաշրջանում, ներկայացրել է Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների միջազգային կոնվենցիայի դրույթների կատարման վերաբերյալ Հայաստանի առաջին պարբերական զեկույցը։ Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արդար ադատության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Քննարկման ընթացքում նախարարի տեղակալը ներկայացրել է Հայաստանում հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների կոնվենցիայի դրույթների իրագործման ուղղությամբ ՀՀ կառավարության հետևողական գործունեությունը, ոլորտին առնչվող օրենսդրական փոփոխություններն ու նախաձեռնությունները։ Քննարկվել են նաև հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ներառման ծրագրերին, ներառական կրթությանը, հանրային իրազեկվածության բարձրացմանը, ինչպես նաև ոչ-կառավարական կազմակերպությունների դերակատարմանն առնչվող հարցեր։
ՀՀ պատվիրակությունը, որի կազմում եղել են նաև Աշխատանքի և սոցիալական հարցերի, Կրթության և գիտության, Առողջապահության նախարարությունների, ինչպես նաև Ժնևի ՄԱԿ-ի գրասենյակում ՀՀ մշտական ներկայացուցչության աշխատակիցները, պատասխանել են Հայաստանի հարցով զեկուցողի և կոմիտեի այլ անդամների բազմաթիվ հարցերին: ՀՀ զեկույցի քննարկմանը ներկա են եղել նաև հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության ոլորտում ներգրավված հայաստանյան հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները։



