Հիդրոմետ ծառայությունը ներկայացրել է Հայաստանի գետավազաններում հիդրոօդերևութաբանական բնութագրերը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԳարնանային վարարումները ՀՀ գետերի ջրային ռեժիմի հիմնական փուլերից է, որը ձևավորվում է ձնհալքային, անձրևային և ստորերկրյա ջրերից և այդ պատճառով սովորաբար ունի խառը սնում: Գարնանային վարարումների ծավալը, առավելագույն ելքի մեծությունը, սկիզբը և ավարտը, ձևավորման բնույթը պայմանավորված են մթնոլորտային տեղումների քանակով և բնույթով, ջերմային ռեժիմով, ձյան շերտի հաստությամբ, նրա ջրապարունակությաբ, ռելիեֆի առանձնահատկություններով և այլն: Գարնանային վարարումների ընթացքում հանրապետության գետերով անցնում է տարեկան հոսքի ընդհանուր ծավալի 30-90%-ը, որի արժեքը պայմանավորված է առանձին գետերի ջրհավաք ավազանների տեղական գործոնների ազդեցությամբ: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից:
Գարնանային վարարումները սկսվում են հիմնականում մարտի երրորդ-ապրիլի առաջին տասնօրյակներում: ՀՀ գետերի մեծ մասում առավելագույն ելքերը դիտվում են գարնանային վարարումների ընթացքում և հաճախ ափամերձ տարածքների, բնակավայրերի, ենթակառուցվածքների և գյուղատնտեսական հանդակների հեղեղման պատճառ դառնում:
Գետերում գարնանային վարարումների բնութագրերը պայմանավորվում են նախաձմեռային (սեպտեմբեր-նոյեմբեր), ձմեռային (դեկտեմբեր-մարտ) ամիսների փաստացի և վարարումների ժամանակաշրջանի (ապրիլ-հունիս) կանխատեսվող հիդրոօդերևութաբանական պայմանների առանձնահատկություններով:
Այս տարի սպասվող գարնանային վարարումների հիդրոօդերևութաբանական բնութագրերին առավել մանրամասն կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով:



