Տեղեկատվական աջակցության առումով Հայաստանը կարող է մասնակցել ԻՊ-ի դեմ պայքարին, բայց ռազմական գործողություններին մասնակցելու առումով՝ ոչ. Ստյոպա Սաֆարյան
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՌուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի նստաշրջանից հետո տված իր հարցազրույցում ասել է, որ Հայաստանը կարող է արդյունավետ մասնակցություն ունենալ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարի համար ստեղծվելիք տեղեկատվական կենտրոնի աշխատանքներին:
Past.am-ը զրուցել է Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի նախագահ Ստյոպա Սաֆարյանի հետ և ճշտել՝ պե՞տք է Հայաստանին այդ մասնակցությունը: Ըստ պարոն Սաֆարյանի՝ այնքան էլ տեսանելի չէ, թե ինչի համար է պայքարում Ռուսաստանը սիրիական «թատերաբեմում»: «Մենք կարող ենք ասել, որ Ասադի վարչակազմի օգնությունն է դա, Սիրիայում Ռուսաստանի ռազմավարական շահերի պաշտպանությունն է, ի վերջո, Սիրիան միակ երկիրն է Մերձավոր արևելքում, որտեղ Ռուսաստանը ռազմական ներկայություն ունի: Այս առումով Ռուսաստանի թիրախն ԻՊ-ն է: Բայց մի խնդիր .նախկինում, երբ հայկական համայնքը բազմաթիվ անգամ հարձակման թիրախ դարձավ և հսկայական թվով սիրիահայեր գաղթեցին, որևէ մեկի մտքով չանցավ «Իսլամական պետության» դեմ գործողություն անելու համար»,- նշեց մեր զրուցակիցը՝ հավելելով, որ եթե մենք հիմա մասնակցենք այդ ամենին, ապա կսպասարկենք այլ պետության շահ:
Սաֆարյանն ընդգծեց, որ նման գաղափարին հավանություն տալուց առաջ Հայաստանը պետք է լրջորեն մտածի հետևանքների մասին: «Տեղեկատվական աջակցության առումով Հայաստանը կարող է մասնակցել, բայց ռազմական գործողություններին մասնակցելու առումով՝ ոչ»,- իր խոսքը եզրափակեց քաղաքագետը:
Լևոն Փանոսյան



